Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն «անբացատրելի» է անվանել երկաթուղային օպերատոր Adif-ի կարգավարական կենտրոնի որոշումը՝ Renfe-ի արագընթաց գնացքին թույլ տալ շարունակել երթևեկությունը սովորական ռեժիմով, թեև Iryo-ի գնացքը շարունակում էր մնալ գծերի վրա, հայտնում է El Pais-ը։
Տոլեդո նահանգում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
Ըստ Պուենտեի՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ 08:30-ի սահմաններում, երեք համակարգիչների միջև կապի խափանման պատճառով Ուրդա կայարանի շրջակայքում գտնվող 63 կմ երկարությամբ հատվածում դադարել է գործել երթևեկության կառավարման և անվտանգության LZB համակարգը։ Համակարգն ինքնաբերաբար կանգնեցրել է այդ հատվածում գտնվող բոլոր գնացքները, որոնց թիվը, նախնական գնահատմամբ, վեցն էր։ Դրանից հետո Մադրիդում գտնվող Adif-ի կարգավարական կենտրոնն անցել է երթևեկության ձեռքով կառավարման։
08:36-ին կարգավարները Renfe-ի գնացքին, որը հետագայում բախվել է Iryo-ի գնացքին, թույլ են տվել վերսկսել երթևեկությունը սովորական ռեժիմով։ Սակայն, ինչպես հայտարարել է նախարարը, գնացքը պետք է մնար կանգնած․ դա էին պահանջում կանգառի պարտադիր ազդանշանը, շահագործման կանոններն ու Adif-ի ընթացակարգերը։ Բացի դրանից, գծի հատվածը շարունակում էր զբաղեցված մնալ կանգնած Iryo գնացքով, իսկ կարմիր ազդանշանն արգելում էր շարունակել երթևեկությունը։
Չնայած դրան՝ Renfe-ի գնացքը մոտ 17 րոպեում անցել է շուրջ 25 կմ և 8:53-ին բախվել Iryo-ի գնացքին։ Վթարի պահին գնացքի արագությունը դեռ հայտնի չէ։ Ըստ Պուենտեի՝ այդ հատվածում այն կարող էր հասնել 200 կմ/ժ-ի։
Նախարարը հայտնել է, որ բախման մեջ չներգրավված մեկ այլ գնացքի մեքենավարը զգուշացրել է կարգավարներին, որ անվտանգության համակարգի խափանումից հետո չի կարելի երթևեկությունը վերսկսել սովորական ռեժիմով։ Գնացքները պետք է շարժվեին սահմանափակ արագությամբ, որը մեքենավարին հնարավորություն կտար տեսողականորեն վերահսկել ուղին և կանգ առնել խոչընդոտից առաջ։ Կարգավարն ընդունել է մեքենավարի իրավացիությունը և ուղղել այդ գնացքի համար տրված կարգադրությունը, սակայն Renfe-ի գնացքը, որը հետագայում բախվել է Iryo-ին, ավելի վաղ արդեն սովորական ռեժիմով երթևեկելու թույլտվություն էր ստացել։
Պուենտեն կարծում է, որ սխալ կարգադրությունը հնարավոր էր ուղղել մինչև բախումը։ Նա ենթադրել է նաև, որ Iryo-ի գնացքը կարող էր երթևեկությունը վերսկսելու հրահանգ ստացած լինել, սակայն ընդունել է, որ առայժմ հստակ տեղեկություն չունի, թե ինչու է գնացքը մնացել տեղում։
Նախարարն ընդգծել է, որ վթարի պատճառների և կոնկրետ անձանց պատասխանատվության վերաբերյալ վերջնական եզրակացությունները պետք է անեն քննիչները։ Նա խոստացել է նոր տվյալների ի հայտ գալուն զուգընթաց կրկին հանդես գալ հանրության առջև։
Պատասխանելով հնարավոր հրաժարականի մասին հարցին՝ Պուենտեն հրաժարվել է քննարկել իր քաղաքական ապագան։ «Հիմա իմ մասին մտածելու ժամանակը չէ, պետք է մտածել զոհվածների և նրանց ընտանիքների մասին»,- հայտարարել է նա՝ ցավակցություն հայտնելով տուժածներին։





























