Ռուսաստանի Դաշնությունում ապրող՝ ՀՀ քաղաքացի 26-ամյա Կարեն Հովսեփյանը դեկտեմբերի 1-ին հատել է ՌԴ սահմանը, անցել Դոնեցկի շրջան եւ նրան այլեւս թույլ չեն տալիս հետ վերադառնալ: NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Կարենի հայրը՝ Արթուր Հովսեփյանը, պատմեց, որ որդին մնացել է ռուս-ուկրաինական սահմանին:
«Որդիս սահմանն անցել էր, որ գրանցման հարցերը լուծի, հետ վերադառնա ու արդեն չեն թողել, ասել են, որ 5 տարի չի կարող սահմանը հատել: Պատկերացնում եք՝ այնտեղ պատերազմական վիճակ է, տղաս չգիտի՝ ինչ անի, չի էլ կարող Կիեւ գնալ, որովհետեւ հենց դուրս եկավ տամոժնիից, կամ կուղարկեն պատերազմ, կամ էլ կսպանվի»,- ասաց հայրը:
Արթուր Հովսեփյանի խոսքով՝ որդին ամուսնացած է, կինը բալիկի է սպասում, դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն դեռեւս որեւէ պատասխան չկա:




























