Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել արտադաշինքային կարգավիճակից երկրի հրաժարվելուն: Համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել ժողովրդական 303 պատգամավորներ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Պատգամավորները կողմ են քվեարկել Պյոտր Պորոշենկոյի՝ «Արտադաշինքային քաղաքականության մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրինագծին, որը նա ներկայացրել էր դեկտեմբերի 18-ին:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան, Ղրիմի բռնակցումը, մեր պետության դեմ «հիբրիդային պատերազմը», արեւելյան մարզերում ռազմական միջամտությունը, Ռուսաստանի կողմից մշտական քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ճնշումը անկախության, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության առավել արդյունավետ երաշխիքների անհրաժեշտություն են ստեղծում», - ասված է օրինագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Facebook-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ-ի որոշումը հակառուսական պատժամիջոցների ընդունման վերաբերյալ եւ արտադաշինքային կարգավիճակից Ուկրաինայի հրաժարվելու մտադրությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակով, Կրեմլից համապատասխան արձագանք կպահանջեն:



























