Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մոտ օրերս որոշում կկայացնի ԲՀԿ-ից հեռանալու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:
«Դեռ որոշում չեմ կայացրել, մոտ օրերս կլինի որոշում: Հենց որոշումը լինի, կիմանաք»,-ասաց պատգամավորը:
Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մուշեղ Պետոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել, երբ կայացնի, կհայտարարի: «Որոշում եմ»,-ասաց պատգամավորը: Մեր տեղեկություններով՝ Մուշեղ Պետոյանի հետ միասին հնարավոր է ԲՀԿ-ից դուրս գա նաեւ Մարտուն Գրիգորյանը: Հարցին, թե Մարտուն Գրիգորյանն էլ է ԲՀԿ-ից դուրս գալու «մտմտանքների» մեջ, պատգամավորը պատասխանեց. «Մարտունից հարցրեք»:
Ի դեպ, Armlur.am-ն էր գրել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում է լքել ևս երկու պատգամավոր` Մուշեղ Պետոյանն ու Ռուստամ Գասպարյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը:
Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, սխալմամբ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն առաջիկայում պատրաստվում է հետ վերցնել այդ դիմումը եւ պարզապես դուրս գալ ԲՀԿ-ից՝ խմբակցության կազմում մնալով որպես անկախ պատգամավոր:





























