Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Նորք Մարաշում զույգ 8-ամսական երեխաներին, նրանց մորը եւ մի մեծահասակ կնոջ վրաերթ արած վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ դեռ չեն որոշել՝ կդիմեն Վճռաբեկ դատարան, թե ոչ, բայց երեւի թե չդիմեն: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, նրան կամ պետք է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» , կամ էլ բուժումներ անեն: Գործի շրջանակներում որեւէ փորձաքննության պատասխան առայժմ չի ստացվել, մի քանիսը նշանակվել են, եւ փաստաբանի փոխանցմամբ, մի քանիսն էլ դեռ կնշանակվեն:
Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ ինքը չիցանկանում անդրադառնալ այս գործին:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զւոյգ եևեխաներին կարցրած կնոջ առողջական վիճակը նորմալ է, նա արդեն դւորս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։ Օրեր անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաեւ զույգ եղբայրներից ողջ մնացածը: Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա նաեւ կալանավորվել: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ:





























