Ռուսաստանի պատվիրակությունը` երկրի նախագահ Դմիտրի գլխավորությամբ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ 2008-ի հոկտեմբերին  պաշտոնական այցով Մեդվեդեւն արդեն եղել է Հայաստանում եւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այսօր` օգոստոսի 19-ին նա ջրել է 2008-ին իր կողմից տնկած եղեւնին (ֆոտոռեպորտաժ):

Ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար  Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը,  ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր` օգոստոսի 19-ի  երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

«Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ ՌԴ նախագահին  եւ նրա տիկնոջը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Երեկոյան ՀՀ նախագահի  անունից` ի պատիվ ՌԴ նախագահի, կտրվի պետական ընթրիք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կրեմլի ադմինիստացիայում այցելության նախօրեին հատուկ նշել էին, որ պետական այցելությունը միջազգային շփումների բարձրագույն մակարդակն է: Որպես կանոն, այլ երկրի նախագահին պետական մակարդակով ընդունում են միայն մեկ անգամ: Մինչ օրս ռուս-հայկական հարաբերություններում պետական այցելություններ տեղի չեն ունեցել:

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի