Ռուսաստանից ստացված տեղեկությունների համաձայն, հաջորդ տարվա ապրիլին հացը կարող է 14-20%-ով թանկանալ: Պատճառը ցորենի գնի թանկացումն է. 1 կգ-ը 2 ռուբլով կամ 25%-ով: Նշենք, որ անցյալ տարի Հայաստան ներկրված 332.3 հազար տոննա ցորենի ավելի քան 329.4 հազարը կամ 99.1%-ը բերվել է Ռուսաստանից: Հասկանալի է, որ ռուսական ցորենի գնի աճն անխուսափելիորեն կազդի մեր երկրում հացի գնի վրա: Հարց է առաջանում, թե այս դեպքում որքանո՞վ կթանկանա Հայաստանում հացի գինը:
Մեր երկրում հացի ինքնարժեքը խիստ գաղտնիք է: Քողարկվելով «կոմերցիոն գաղտնիքի» մասին օրենքով՝ գործարարները թաքցնում են իրենց ձեռնարկությունների՝ հասարակության համար մեծագույն կարեւորություն ունեցող տվյալները: Այդ պատճառով օգտվենք Ռուսաստանի տվյալներից: Դրանց համաձայն, հացի մանրածախ գնում ցորենի արժեքը միջինը կազմում է շուրջ 20%: Այսինքն՝ ցորենի գնի 25% թանկացման դեպքում հացը կթանկանա 5%-ով: Սա պարզաբանենք կոնկրետ թվերով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Երեւանում բարձր կարգի հացի միջին մանրածախ գինն օգոստոսին կազմել է 1 կգ-ը 529.2 դրամ: Եվ այսպես, եթե ռուսական ցորենը թանկանա 25%-ով, ապա հացի գինը կկազմի 556 դրամ: Այսինքն՝ մեկ կիլոգրամանոց հացը կթանկանա շուրջ 27 դրամով:
Չի բացառվում, որ ձեռներեցները, «ավանդույթի» համաձայն, գինը բարձրացնեն առավելագույն մեծությամբ: Միաժամանակ, ինչպես նախկինում է եղել, «կտնտեսեն» նաեւ հացի իրական քաշը նվազեցնելով:
Հայտնի է, որ բազմաթիվ քաղաքացիների պարագայում հացի ծախսը կազմում է նրանց համեստ ընտանեկան բյուջեի հսկայական մասը: Հասկանալի է, որ այդպիսի թանկացման պարագայում մեր հասարակության այդ հատվածի կենսամակարդակն ավելի կվատթարանա:





























