Աթենքի եւ Պեկինի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի մասնակից աշխարհահռչակ ուկրաինական Red Foxes աջակցության պարախումբը, որը հրավիրված է նաեւ Թուրքիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությանը, զայրացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Պարզվում է` Թուրքիա – Ռուսաստան հանդիպման ժամանակ ուկրաինուհիները հանդես չեն եկել հենց Էրդողանի պահանջով: Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ արգելքn իրենց նախաձեռնությունը չի եղել, պարզապես, ՖԻԲԱ-ն որոշել է իսլամականների հետ վեճ չունենալ եւ կատարել է պահանջը: «Կարմիր աղվեսիկներին» հակակրանքով են վերաբերվել նաեւ Իրանի հավաքականի բասկետբոլիստները, որոնք կիսամերկ աղջիկների ելույթների ժամանակ ցուցադրաբար շրջվել են:
Մոտ տասը տարի առաջ, որպես «Կիեւ» բասկետբոլային ակումբի աջակից խումբ ստեղծված Red Foxes-ն այս ընթացքում դարձել է բասկետբոլային մրցումների ամենաժողովրդական պարախումբը: Խումբն իր պարացանկում ունի աշխարհի գրեթե բոլոր երկրների ազգային պարերը եւ ամեն հավաքականի խաղին առանձին համար է նախապատրաստում: Հատուկ այս առաջնության համար ուկրաինուհիները ընդգրկել էին նաեւ թուրքական պարեր, սակայն Էրդողանը, ով Ռուսաստանի հետ հանդիպմանը եկել էր կնոջ` Էմինայի հետ, իր արգելքով հնարավորություն չտվեց աղջիկներին ներկայացնել այդ պարը:



























