2015 թ. սեպտեմբերի 28-ից կորած եւ միայն 20 օր անց հայտնաբերված 15-ամյա Մաթեւոսը կրկին հեռացել է Երեւանի թիվ 1 հատուկ դպրոցից եւ այժմ փողոցում անձեռոցիկ է վաճառում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Սարգսյանը:
«Մի քանի անգամ դիմել եմ ոստիկանությանը, Նոր Նորքի համայնքի ղեկավարին, խնդրել եմ, որ զբաղվեն այս երեխայի ճակատագրով, գոնե դպրոց հաճախի, 9-րդ դասարանն ավարտի: Որեւէ արձագանք չկա: Սպասում եմ՝ եթե էլի չպատասխանեն, կդիմեմ Երեւանի քաղաքապետարանից»,- ասաց Լարիսա Սարգսյանը:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ 15-ամյա տղան արդեն հարմարվել է փողոցին, մուրացկանությանը, թեեւ իրենց մոտ սովորելու տարիներին իրենք ամեն կերպ փորձել են հետ պահել այդ ճանապարհից:
«Ընտանիքից շատ բան է գալիս, մայրը չի համաձայնվում, որ երեխան գոնե 9-ամյա կրթություն ստանա»,- ասաց Լարիսա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 15-ամյա Մաթեւոսին ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին 2015թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ:



























