Ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել, քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Նա նշեց, որ շնորհակալություն է հայտնում միջազգային հանրությանը նրանց կողմից գործադրվող ջանքերի համար։ «Հարաբերական խաղաղությունը մինչեւ ապրիլի 1-ի գիշերը ապահովվում էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ շնորհիվ։ Զուգահեռ այդ երախտագիտությանը, ես ներկայացրել եմ իմ եւ մեր դժգոհությունները նրանց առաքելության հետ կապված։ Դրանք հիմնականում կապված են այն փաստի հետ, որ խեղաթյուրված ձեւաչափի պայմաններում անհնարին է հասնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման»,- ասել է Արցախի նախագահը։
Նրա խոսքով, ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել, քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին։ «1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ Ղարաբաղը բանակցային գործընթացի մաս է, այդ որոշումն ուժը չի կորցրել։ Կարծում եմ, որ վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան, որ վերանայեն իրենց որոշումը, եւ Արցախին վերականգնեն որպես լիիրավ բանակցային կողմ։ Եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը ընդհանրապես բանակցային գործընթացի նկատմամբ, ունենալու ենք միշտ թերի լուծում»,- նշել է Սահակյանը, պատասխանելով իտալական հեռուստաընկերության թղթակցի հարցին:
Հարցին, արդյոք Հայաստանը ամբողջապես չի՞ ներկայացնում Արցախի շահերը, Բակո Սահակյան պատասխանել է. «Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Եվ երբ ներկայացնում ենք մեր պահանջը, դա չի նշանակում, որ վստահություն չենք տածում։ Մենք հանդես ենք գալիս տրամաբանության դիրքերից։ Չկա մի հակամարտություն, որտեղ հարցերը լուծվում են առանց հակամարտության կողմի։ Ադրբեջանին հետո հաջողվեց արհեստական ճանապարհով Հայաստանին ներքաշել հակամարտության մեջ»,- նշել է նախագահը։
Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ԵԱՀԿ ՄԽ խմբի հետ հանդիպումից, Բակո Սահակյանը պատասխանել է. «Այսօր ականատես եք, որ նրանք իրականացնում են ակտիվ միջոցառումներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակը դադարեցնելու մասին։ Մենք ունենք տեսակետներ, ինչու չէ նաեւ պահանջներ, այդ ամենը կներկայացվի Մինսկի խմբին»։





























