Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց մարտի 24-ին ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի գործով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Վնասվածքը գնահատված է: Նա 5 օր գտնվել է հիվանդանոցում: Ռուզաննա Եղնուկյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Մեղադրյալ դեռեւս չկա, այժմ ընթանում է նախաքննություն»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Ռուզաննա Եղնուկյանը շարունակում է բուժում ստանալ:
«Ֆիզիկական հետքերը միգուցե վերացել են, բայց նրա առողջությունը խաթարված է. դեռ 1 ամիս նա պետք է դեղեր խմի, պարբերաբար այցելի հիվանդանոց եւ հետազոտվի: Մեր կարծիքով՝ նա խոշտանգման է ենթարկվել, այնպիսի զրկանքների է ենթարկվել, որոնց հետեւանքները մենք տեսնում ենք»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք էր ստացել Ռուզաննա Եղնուկյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց:
Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության՝ ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյել եւ հարվածներ են հասցրել ի նշան բողոքի իրենց շղթայած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին:





























