Դերասանուհի Եվա Բաղդասարյանը դպրոցում երկուսներ է ստացել վատ վարքի պատճառով։ Դերասանուհին, որն այսօր՝ մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային, պատմեց, որ շատ չարաճճի երեխա է եղել։

«Աշխույժ երեխա եմ եղել, շատ չարաճճիություններ եմ արել: Մի անգամ էլ դպրոցից փախնելուց պատուհանից եմ փախել եւ, ոնց որ միշտ, ծնողն կանչեցին, երկուս նշանակեցին»,- պատմեց նա։

Դերասանուհին պատմեց, որ փոքր տարիքից իրեն հետաքրքրել է դերասանի մասնագիտությունը։

«Դպրոցական միջոցառումներին էի մասնակցում, հետո հասուն տարիքում ավելի շատ սկսեցի մտածել այդ ուղղությամբ, որոշեցի թատերական խմբակներ հաճախել, ապա առաջարկներ ստացա սերիալներում նկարահանվելու»,- պատմեց նա՝ նշելով, որ ցանկանում է թատրոնի դերասանուհի դառնալ եւ այժմ աշխատում է այդ ուղղությամբ։

Դերասան Հայկո Հովհաննիսյանն էլ նշեց, որ ուրախ է, որ այսօր մասնակցում է NEWS.am-ի բարեգործական  ակցիային եւ այդպիսով կարողանում օգնել ապրիլին շփման գծում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան երեխաներ .«Շատ ոգեւորված եմ եւ հուսով եմ, որ կկարողանամ վաճառել շատ պաղպաղակ եւ օգնել կարիքավոր երեխաներին: Ես շատ լավ մանկություն եմ ունեցել եւ ուզում եմ, որ մեր հայ մանուկներն էլ ունենան երջանիկ ու խաղաղ մանկություն:  Հատկապես հիշում եմ դպրոցական տարիները, շատ ծույլ ու չարաճճի աշակերտ էի, բայց ինձ բոլոր ուսուցիչները սիրում էին: Իսկ հունիսի 1-ն ինձ համար միշտ յուրօրինակ տոն է եղել, որը շատ եմ սիրում եւ ուզում եմ, որ աշխարհի բոլոր բալիկներն ունենան հիշողություններով լի մանկույթուն»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան կուղեկցվի բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: