ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին հարցաքննության կանչելու մասին:

Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական  ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։ Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաեւ՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։

Լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով  նա որպես  վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։

Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք»: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձեւավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու համար։

Նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին եւ որեւէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։  Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում եւ ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյան բնակարան եւ փորձել են բերման ենթարկել նրան: Այս մասին հայտնել է ArmLur.am-ը՝ նշելով, որ դա կապված է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու հետ:

Նշվել է, որ Քնար Մանուկյանն այս գործով որեւէ կարգավիճակ չունի: Կայքը հրապարակել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության գրությունը, որտեղ «առաջարկվում է» Քնար Մանուկյանին հունիսի 15-ին, ժամը 10-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ քննիչ Խաչիկյանի մոտ՝ տվյալ քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար:

Լրագրողի բնակարան է ժամանել նաեւ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը: ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ՊԻ պաշտպանը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին:

Ի վերջո, լրագրողը բերման չի ենթարկվել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» թերթը գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ նշել, որ նախ լրագրողին ուղարկված ծանուցագրում նշված չի եղել, թե նա ինչ կարգավիճակով է հրավիրվում. «Մեր լրագրողին չէին կարող բերման ենթարկել, քանի որ նշված չէր կարգավիճակը. նա ոչ վկա է, ոչ տուժող: Երկրորդ, ռազմական ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն քաղաքացիական անձին բերման ենթարկվելու համար ներխուժեն նրա բնակարան: Սա ապօրինություն է»: