Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներկայիս «այլասերված քաղաքական դաշտում» անելիք չունի։ Այս մասին նա հայտարարեց  NEWS.am-ի հետ զրույցում, երբ փորձեցինք ճշտել, թե հոկտեմբերին սպասվող քաղաքապետի ընտրություններին ինչով է աջակցելու հարազատ կուսակցությանը։

Պարոն Ղուկասյան, հոկտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրութուններին ինչպե՞ս եք պատրաստվում, ինչո՞վ եք աջակցելու «Հանրապետական» կուսակցությանը։

Խելագարված, խելագարված ձեզ հետ միասին պիտի մասնակցեմ․․․Այս այլասերված դաշտում ես ափսոս եմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ։ Խոսքերս հատիկ-հատիկ գրեք. Այս այլասերված քաղաքական դաշտում ես ափսոս եմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ։

Իսկ ինչո՞վ եք զբաղվելու։

Ե՞ս, արջ բռնելով։

Դա ավելի՞ լավ է, քան քաղաքականությունը։

Միանշանակ։

Այսինքն՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ չե՞ք հավաքելու։

Հաջողություն, ես հեռու եմ քաղաքականությունից, նմանատիպ այլասերված քաղաքականությամբ ես երբեք չեմ զբաղվել, որովհետեւ ես այդ մարդն եմ, որովհետեւ ինձ փողեր պետք չեն, որովհետեւ էս դաշտում ես ուզում եմ ուրիշ ձեւի ապրեմ ու տենց էլ ապրել եմ։ Ինչ որ կա չկա ձեզ լինի, ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես զզված եմ բոլորից, ամբողջ էդ քաղաքական դաշտից։

Կուսակցությունի՞ց:

Ամեն ինչից, ե՛ւ «Հանրապետականից», ե՛ւ ինչ որ կուսակցություն կա, զզված եմ բոլորից:

Երբվանի՞ց զզվեցիք «Հանրապետականից», երբ Ձեր թեկնածությունը չքննարկեցի՞ն:

Ընդհանրապես բոլորից եմ զզված։

Այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀՀԿ-ից:

Տո ի՞նչ գիտեք՝ դո՞ւրսն եմ, թե՞ ներսը․․․Ով որ զբաղվում է, թող զբաղվի քաղաքականությամբ... Ես չեմ ուզում մասնակցեմ որեւէ բանի...