Դրական է թե Լեհաստանում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, թե այնտեղ Հայաստանի մասնակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Նրա խոսքով, այնտեղ քննարկվում են բազմաթիվ հարցեր եւ շատ լավ է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկա է այնտեղ. «Հայաստանը պետք է կարողանա առաջին հերթին իր շահերը ներկայացնել, ուրախ եմ, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով է մասնակցում այդ գագաթաժողովին, որտեղ կարող է ներկայացնել մեր խնդիրները, միաժամանակ ինչ-որ չափով այդ մասնակցությամբ ապահովել պաշտպանություն, քանի որ նույն գագաթաժողովը կարող են օգտագործել նաեւ մեր թշնամիները՝ Ադրբեջանը կամ Թուրքիան, եւ մենք այստեղ հնարավորություն ենք ստանում թույլ չտալ, որ մեզ ուղղված անպատասխան հարվածներ լինեն»:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատմանը, որը նկատվում է ընթացող գագաթաժողովից ֆոնին, Պողոսյանը կարծիք հայտնեց, որ չի կարծում, թե այդտեղ Հայաստանի համար վտանգներ կան: «Պարզապես մենք պետք է կարողանանք մեր շահերով առաջնորդվել, եւ հասկանալ, որ երկու մեծ ուժերի բախման մեջ չունենք այն դերակատարումը, որը պետք է ապահովի այս կամ այն կողմի շահերը: Իսկ ՆԱՏՕ-ի կողմից Արեւելյան Եվրոպայում Հակաօդային պաշտպանության համակարգերից չպետք է վախենալ, որովհետեւ դա պաշտպանողական համակարգ է»:
Պատգամավորի խոսքով, Հայաստանին վերջին մի քանի տարիներին հաջողվել է ՆԱՏՕ-ում ամրագրել հայամետ տեսակետներ եւ պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը մշտապես բարձր մակարդակով մասնակցել է ՆԱՏՕ-ի միջոցառումներին եւ կարողացել է ներկայացնել իր տեսակետը. «Կարծում եմ, մենք նորից չենք ունենալու այնպիսի իրավիճակ, որտեղ մեր շահերը կարող են չհարգվել եւ մեր կարծիքը հաշվի չառնվի»:
Հարցին, թե նման առճակատման պայմաններում Հայաստանը կկարողանա՞ մանեւրել, արդյոք դա չի նվազեցնում ազատ գործելու հնարավորությունը, պատգամավորը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմական գործողություններ կլինեն, բայց եթե նույնիսկ նման առճակատում էլ լինի, երկու կողմն էլ երեւի լավ հասկանում են, որ Հայաստանն այն դերակատարումը չի ունենալու, որոնց համար իրենք կարիք են ունենալու Հայաստանի հաշվին քայլեր անել: Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերներից է, նաեւ համարվում է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Երկուսի հետ էլ մենք ունենք ձեւաչափեր՝ ներկայացնելու մեր խնդիրները: Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման շրջանակում ունակ ենք միշտ բանակցել ու հասկացնել, որ իրենց առճակատման հարցերը լուծելիս Հայաստանը չօգտագործվի»:
Իսկ հնարավո՞ր է՝ Ռուսաստանը սկսի խանդով վերաբերել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին եւ ստիպել Հայաստանին խզել այդ հարաբերությունները, հարցին էլ արձագանքեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հնարավոր է նաեւ, որ Հայաստանը կարողանա այդ բոլոր խնդիրներին լուծումներ գտնել: Ուղղակի Հայաստանը պիտի ավելի ճկուն քաղաքականություն վարի, որպեսզի հնարավորությունների շրջանակը չհանգեցնի նրան, որ իր շահերից չբխող քայլեր կատարի: Հնարավոր է, չէ՞, որ երբ Հայաստանի սահմաններին կրակում են, Ռուսաստանը որպես փաստաթղթով Հայաստանի լավագույն դաշնակից, գար պաշտպանելու իր դաշնակցին, բայց չի արել: Նույնկերպ դու էլ ունես դաշտ, որտեղ կարող ես ասել՝ քանի որ ժամանակին դուք մեր շահերը չեք պաշտպանել, ինչո՞ւ հիմա մենք պետք է զիջենք այն խնդիրների պատճառով, որոնք մերը չեն: Թող մեր դիվանագետներն աշխատեն ու այդ լուծումները գտնեն, որպեսզի ցանկացած պարագայում Հայաստանի շահերը պաշտպանված լինի»:




























