News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  Հայաստանի ներքաղաքական ինտրիգներն ավելանում են, լարվածությունը՝ մեծանում: Բազմաթիվ հարցեր դեռ օդում կախված են մնում, իսկ գլխավոր հարցը՝ քաղաքական ուժերի ինչ դասավորությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը ապրիլի 2-ին գնալու քվեարկության: Երկու դաշինք արդեն հայտ ներակայացրել է՝  Մարուքյան, Փաշինյան եւ Արամ Զավենի Սարգսյան եռյակի ձեւավորած «Ելք»-ը եւ Օսկանյան, Դալլաքյան, Արամ Գասպարի Սարգսյան միությունը, որը դեռեւս անուն էլ չունի:

Այսօր պարզ դարձավ, որ դաշինքի հավակնություններ ունի նաեւ ԲՀԿ-ն, անունն արդեն որոշել են՝ «Ծառուկյան դաշինք», բայց ում հետ են դաշինք կազմելու՝ չգիտեն, կամ գոնե չեն ասում: Լյովա Խաչատրյանն ասում է՝ ով իրենց ծրագրին համաձայն է, թող միանա, իսկ Վահե Էնֆիաջյանն ընկել է լիրիկայի գիրկը. ««Ծառուկյան դաշինքը» Գագիկ Ծառուկյան անձի եւ գաղափարի շուրջ միավորված անձինք են»: Դաշինքը, որտեղ այս պահին ընդամենը մեկ կուսակցություն կա, արդեն շտաբի պետ ունի՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նախընտրական շտաբի պետ է նշանակել նաեւ «Հայ ազգային կոնգրեսը». այսօրվա վարչության նիստում որոշել են այդ գործը վստահել Լեւոն Զուրաբյանին:

Ամենաչկոմնորոշվածն այս պահին «Ժառանգություն» կուսակցությունն է: Այստեղ փորձում են լեզու գտնել ոչ թե այլ ուժերի, այլ հենց իրենց կուսակիցների հետ: Ներսում լուրջ առճակատում կա՝ մի կողմից Արմեն Մարտիրոսյանի թեւը կարծում է, որ հարկավոր է դաշինքով գնալ ընտրություններին, մյուս կողմից Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ միայն միայնակ: Փոստանջյանն ասում է՝ կուսակցության ներսում իր նման մտածող էլի մարդիկ կան, բայց դժվարանում է ասել՝ քանիսն են նրանք: Պատգամավորը վճռական է տրամադրված՝ «Ժառանգությունը» կամ միայնակ կմասնակցի, կամ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին: Իսկ եթե կուսակցության վերջանական որոշումն իր սրտով չլինի, չի պատրաստվում հեռանալ: Մինչդեռ Արմեն Մարտիրոսյանն արդեն պատկերացնում է, թե որ ուժերի հետ իրենք կարող են դաշինք կազմել: Թե ով կհաղթի «Ժառանգությունում», հույս կա, որ կպարզվի հաջորդ նիստին: Այսօրվա նիստն այդպես էլ որեւէ արդյունք չի տվել, միայն ավելի է խորացրել տարաձայնությունները:

Կուլիսային բանակցություններից անմասն չեն մնում նաեւ անհատ գործիչները։ Վերջերս «ժառանգությունը» լքած հնաբնակներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը դեռ ծանրութեթեւ են անում։ Քոքոբելյանից առաջարկ են ստացել՝ միանալ ոչ կուսակցական հանրային դեմքերից ձեւավորվելիք դաշինքին, բայց դեռ որոշում չեն կայացրել։ Ընտրություններում ավանդաբար առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանին սատարող Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշումն այս անգամ միանշանակ չէ։  Գործարարն ասել է, որ հանդիպել է տարբեր ուժերի հետ՝ ՀԱԿ–ի, «Ելքի» ԲՀԿ–ի: Նախկին պատգամավորը դեռ չի որոշել՝ կմասնակցի ընտրություններին, թե ոչ, եւ ում հետ կմասնակցի։

Նախընտրական կարեւոր հարցականներից է շարունակում մնալ իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը: Ովքեր են լինելու ցուցակի առաջատար եռյակում, լինելու է արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը, ով է ղեկավարելու նախընտրական շտաբը. գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստում այս հարցերով որոշում չի կայացվել:

Նախընտրական մյուս ինտրիգը ընտրատեղամասերում քվեարկությունը հսկող եւ ուղիղ միացում ապահովող տեսախցիկների տեղադրման հարցն է: Ժամանակին 4+4+4 ձեւաչափով բանակցությունների ժամանակ իշխանությունը, ընդդիմությունը եւ հասարակական սեկտորը այս հարցի շուրջ կոնսենսուսի եկան:  Իսկ այսօր պարզվում է, որ եվրոպական դոնորների տրամադրած գումարով հնարավոր չէ նախապես համաձայնեցված պայմաններով տեսախցիկներ տեղադրել: Իշխանություններն ասում են՝ իրենք հենց սկզբից էլ բարձրացրել են այս մտահոգությունը՝ գումարը չի հերիքելու: Որպես լուծում առաջարկում են նվազեցնել պահանջները՝ կամ յուրաքանչյուր ընտրատեղամասում 2-ի փոխարեն մեկ տեսախցիկ տեղադրել, կամ տեսախցիկով ապահովել ոչ բոլոր ընտրատեղամասերը:

Հայաստանում՝ ինչպես տանը. Ռուսաստանի քաղաքացիներն այսուհետեւ մեր երկիր կկարողանան այցելել ներքին անձնագրերով։ Կառավարությունն այսօր ընդունեց համաձայնագրի նախագիծը։ Ռուսաստանի քաղաքացիները սովորաբար  արտերկիր մեկնում են արտասահմանյան անձնագրերով, իսկ ներքին անձնագրով կարողանում են տեղաշարժվել միայն Ռուսաստանի տարածքում։ Շավարշ Քոչարյանը բացատրեց՝ սա ԵԱՏՄ քաղաքականության թելադրանքն է՝ ապահովել անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Կառավարությունը հավանության արժանացրեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու համաձայնագիրը։ Համաձայնագրերը ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնեն ամռանը։

Կարեն Կարապետյանը բիզնեսմեններին սթափվելու կոչ է արել։ Վարչապետի ասածները հարկատուները սխալ են հասկացել։ Փոքր տնտեսվարողներին տեսչական այցերից ազատելու համար սեպտեմբերին վարչապետը հանձնարարել էր ստուգումները կենտրոնացնել միայն ռիսկային բիզնեսների ուղղությամբ։ Սակայն որոշ տնտեսվարողներ առիթից օգտվել են՝ սկսել են ստվեր տանել շրջանառությունը, ծախսերն ուռճացնել, ՀԴՄ չտպել։ Վարչապետն այսօր զգուշացրեց՝ չի կարելի չարաշահել հարկային մարմինների վստահությւոնը, փոքր բիզնեսի նկատմամբ հսկողությունը նույնպես խիստ է լինելու։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է, նշանակումն էլ ժամանակի հարց է՝ լրագրողներին ասել է Շավարշ Քոչարյանը։  Փոխարտգործնախարարը համաձայն չէ այն մտահոգության հետ, թե Ղազախստանը եւ Բելառուսը արհեստականորեն խոչընդոտում են Հայաստանի նախագահությունը։ Հունվարի 1–ից ռոտացիոն կարգի համաձայն՝ ՀԱՊԿ նախագահությունը պետք է ստանձներ Հայաստանը, քանի որ ռուսական այբուբենով Արմենիան անդամ երկրներից առաջինն է։ Սակայն մեր թեկնածուի հաստատումը ձգձգվում է. Երեւանում անդամ երկրները համաձայնության չեկան, իսկ  հաջորդ գագաթաժողովին Լուկաշենկոն չմասնակցեց՝ տապալելով քվեարկությունը։ Շավարշ Քոչարյանը կոչ է անում չքաղաքականացնել, մի օր այդ պաշտոնը անպայման մերը կլինի։

Թուրքիայում 10 տարի առաջ այս օրը սպանվեց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը։ 10 տարի ձգվող եւ մեկը մյուսին հաջորդող դատավարությունները դեռ երեւան չեն հանել իրական կազմակերպիչներին։ Այս ամբողջ ընթացքում միջազգային տարբեր կառույցներ Թուրքիայի իշխանություններից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ բացահայտելու Դինքի սպանությունը։ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նույնատիպ կոչով է հանդես եկել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ պահանջելով ակտիվացնել սպանության կազմակերպիչներին հայտաբերելու աշխատանքները։ 
Մենք ամեն տարի հիշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, նրա խիզախ բառերը փոքրամասնությունների իրավունքների համար եւ արժանին ենք մատուցում խաղաղության հասնելու նրա ջանքերին»,– ասել է Միյատովիչը։ «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց ամենամյա հերթական սգո ու հիշատակի միջոցառմանը կրկին խոսքով հանդես եկավ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը՝ ասելով․ «Եկէ՛ք, այս երկրի աղաւնիի դողդոջը վերացնենք: Եկէ՛ք չվիրաւորենք աղաւնիները»։

Դոլարը հատել է 487 դրամի սահմանը, եվրոն ու ռուբլին՝ էժանացել: Արդյունքում հունվարի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 8 դրամ 11 լումա, ֆունտինը՝ 599 դրամ:

Ցուրտը չի պատրաստվում նահանջել: Հունվարի 20-ին հանրապետության շրջանների զգալի մասում թույլ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ թույլ ձյուն է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -9-11, իսկ վաղը ցերեկը՝ -6-8 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ