Բժշկական հաստատությունում  երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա դատախազի ցուցումով ձերբակալվել է «Կապանի» ԲԿ ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ա.Կ.-ն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երիտասարդ աղջիկը բժշկական օգնության նպատակով «Կապանի ԲԿ» էր տեղափոխվել հունվարի 16-ին. նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով նա փորձել էր ինքնասպան լինել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր եւ տեղափոխվել բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 17-ի ուշ երեկոյան հիվանդը տեղափոխվել էր բժիշկների սենյակ, որտեղ էլ, ըստ հաղորդման, հունվարի լույս 18-ի գիշերը, բժիշկներից մեկը փորձել էր սեռական ոտնձգություն կատարել, ինչին դիմադրել էր, կծել բժիշկի ձեռքերը, հրել նրան։

2017 թվականի հունվարի 25-ին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկի կողմից նշված բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու փաստի առթիվ: