News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է զինծառայողների եւ նրանց այցելության գնացած ծնողների հետ ու խոսել սահմանների պաշտպանության մասին: Նախագահն ասել է, որ մեր բանակը շարունակում է խաղաղություն պարտադրել հակառակորդին, իսկ, հարկ եղած դեպքում, կարող ենք գործի դնել նաեւ «Իսկանդեր»-ները:

Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը որպես թիվ մեկ խնդիր նշելով՝ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ անցյալ տարվա ապրիլից ի վեր էլ ավելի է կատարելագործվել հայկական զինված ուժերի սպառազինությունը: Սերժ Սարգսյանն ասել է, որ հիմա իրեն շատ են հարցնում, թե ինչ է անելու նախագահության ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո: Դեռ չի որոշել, բայց մի բան հստակ գիտի. կլինի այնտեղ, որտեղ կարող է պիտանի լինել երկրի անվտանգությունն ապահովելու գործում:

Հավելենք նաեւ, որ նախագահը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար պետական բարձր պարգեւով՝ Մարտական ծառայության մեդալով պարգեւատրել է մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց եւ ընտանիքում երկու կամ ավելի զինծառայող ունեցող ծնողներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան են ժամանել ու արդեն հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ներկայացրել են Բաքվում կայացած հանդիպումների արդյունքները, իսկ վաղը նաեւ Արցախ կմեկնեն:

Մինչ այդ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն այսօր զրուցել է լրագրողների հետ: Նշել է, որ երբեմն այս կամ այն առաջնորդը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի հնարավորության մասին, իսկ մյուս կողմն էլ պատասխանում է, բայց ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որպեսզի այդ հայտարարությունները պատերազմի վերածվեն:

Դիտարկմանը, որ եռանախագահների հայտարարությունները հասցեական չեն, Հոգլանդը պատասխանել է, որ իրենք տեղյակ են այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում շփման գծում։ Ապրիլյան պատերազմից հետո բանակցություններ, ըստ էության, չեն ընթանում, սակայն Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, որ դրանք փակուղի են մտել:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում առանձին հանդիպումներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ մոտ ապագայում էլ միասին կհանդիպեն ու կնախապատրաստեն արդեն նախագահների բանակցությունները:

Հայաստան «ԻԳԼԱ»-ի տեղափոխման գործը նոր զարգացումներ է ստանում: Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանը եւ մյուս կալանավորվածներն ընդունել են իրենց առնչությունը «ԻԳԼԱ»-ի արձակման խողովակի եւ «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը, ինչպես նաեւ տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Սամվել Բաբայանի փաստաբանը, սակայն, լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Բաբայանը չի ընդունում իր մեղքը, իսկ դատախազության տարածած հաղորդագրությունը, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Ավետիս Քալաշյանի խոսքով, իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն է, ինչպես մեղադրող կողմին է ձեռնտու: Ի դեպ՝ պաշտպանը պատրաստվում է նաեւ բողոքարկել Սամվել Բաբայանի կալանքի որոշումը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները, որի հետ կապում են Սամվել Բաբայանի անունը, մշտական կապի մեջ է Քալաշյանի հետ եւ հակված է հավատալ նրան:

ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանին էլ լրագրողները հարցրել են քաղաքականությունից եւ ընդհանապես երկրից հեռանալու շուրջ մամուլի հրապարակումների մասին. հերքել է:

Իսկ նախընտրական քարոզչության շրջանակում ընտրողների հետ հերթական հանդիպմանը Կարեն Կարապետյանը դժվարացել է խոսել. ձայնը կտրվել էր, բայց հավաստում է, որ պատճառը քարոզարշավը չէ: Գյումրիում էլ Կարապետյանի փոխարեն անեկդոտ պատմելու գործը ստանձնել եւ ուրախ տրամադրությունն ապահովել են արդարադատության եւ մշակույթի նախարարները:

Մինսկում այսօր կայացել են մարտի 25-ին եւ 26-ին Կամքի օրվա կապակցությամբ չարտոնված ակցիաների ժամանակ ձերբակալվածների զանգվածային դատավարությունները: Դրանք ավանդաբար տեղի են ունենում հետեւյալ սցենարով. ձերբակալվածներն իրավախախտման համար «մեկօրյա» պատիժ են ստանում՝ զանգվածային միջոցառման ժամանակ կարգուկանոնը խախտելու, պաշտոնատար անձի պահանջով օրենքին չհնազանդվելու կամ մանր խուլիգանության համար: Իսկ իրավապաշտպանները հայտնել են շաբաթ երեկոյան կայացած ակցիայի ժամանակ ավելի քան 700 ձերբակալվածի մասին:

Իսկ Ռուսաստանի մի շարք քաղաքներում մարտի 26-ին կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ են անցկացվել: Դրանց նախորդել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննական հրապարակումները, որոնցում ներկայացվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ունեցվածքի չափը: Հիմնադրամը, ի դեպ, ֆինանսավորում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Հենց նա էլ կողմնակիցներին կոչ էր արել փողոց դուրս գալ: Իրավապահների տվյալներով ակցիային 7-8 հազար մարդ է մասնակցել: Այստեղ նույնպես ձերբակալվածներ կան՝ ավելի քան 1000 մարդ, որոնց մի մասին, սակայն, գիշերն ազատ են արձակել: Ձերբակալվել է նաեւ Ալեքսեյ Նավալնին. նրան 15-օրյա ժամկետով կալանավորել են եւ 20 հազար ռուբլի տուգանք սահմանել: Նավալնիին մեղավոր են ճանաչել Մոսկվայում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար:

82 տարեկանում մահացել է Հայաստանի Ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը: Նա ծնունդով Բաքվից էր: Աշխատել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական, իսկ հետո՝ երկար տարիներ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1984 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003-ին` ժողովրդական արտիստի կոչման, իսկ 2006 թվականին՝ «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակի:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ 75-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը: Հանդիպումը հաջող չէր կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի համար. խաղի հենց երրորդ րոպեին 28-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ստացավ: Նրա մոտ ծնկահոդի խաչաձեւ կապանների մասնակի կտրվածք եւ մենիսկի վնասվածք է ախտորոշվել: Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վերջնական ախտորոշումը կարվի արդեն Գերմանիայում:

Նշենք, Աշխարհի առաջնության ընտրական փուլում սա Հայաստանի ազգային հավաքականի արդեն երկրորդ հաղթանակն է: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն այսպիսով վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող դանիացիներին: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 10-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի թիմին, որին Երեւանում հաղթել է 3:2 հաշվով:

Մարտի 27-ին եվրոն թանկացել է միանգամից 3 դրամով, իսկ դոլարը փոքր-ինչ զիջել է դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 526, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 609 դրամ:

Մարտի 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ