News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրություններից հաշված օրեր առաջ սկանդալ է հասունացել: «Ելք» դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից բարձրաձայնում են ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին:

Ամեն ինչ սկսվել է դեռ կեսգիշերն անց: «Հայկական ժամանակ»-ի թղթակից Աննա Զախարյանը հայտնել է, որ աշխատանքից տուն գալիս Կուրղինյան փողոցում Տարոն Մարգարյանի շտաբից դուրս եկող մարդկանց է նկատել, ձեռքերին, լրագրողի հավաստմամբ, արդեն քվեարկած քվեաթերթիկներ եւ գումար։ Ինչ-որ տղաներ մոտեցել են լրագրողին, խլել հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց վերադարձրել՝ ամեն ինչ ջնջած: Դեպքից հետո «Ելք»-ի անդամները սկսել են շրջել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերում: Նույն Կուրղինյան փողոցում Մարգարյանի շտաբի մոտ Նիկոլ Փաշինյանի, «Ելք»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Իրավապահները Փաշինյանին թույլ չեն տվել շտաբ մտնել՝ պատճառաբանելով, որ ներսում զննություն է կատարվում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեսանյութ է տարածել Արաբկիրից՝ հայտարարելով, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցները փող են բերել շտաբ: Դրանից հետո շտաբի դռները փակվել են, ներսում հսկողություն է սահմանվել եւ ոչ ոքի թույլ չեն տվել տարածք մտնել: Կարճ ժամանակ անց Փաշինյանին ու նրան ուղեկցողներին, այնուամենայնիվ, ներս են թողել: Այստեղ արդեն կրքերը փոքր-ինչ թեժացել են:

«Ելք» դաշինքի ձեռքի տակ նաեւ հրահանգներով եւ մարդկանց անուններով ցուցակներ են հայտնվել, որոնք պետք է ձայներ բերեն Տարոն Մարգարյանի համար: Նրանց թվում նաեւ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններ կան: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու ներկայացրել իրենց մոտ հայտնված նյութերը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել՝ Փաշինյանի հայտարարած ցուցակների վերաբերյալ:

Ավելի ուշ ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի տարածած նյութերը որեւէ առնչություն չունեն Հանրապետականի նախընտրական գործունեության հետ:

Հանրապետականի նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվել են, թե որքանով է տեղյակ այսօրվա իրադարձություններից

Իսկ «Ելք» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության գրանցումը: ԿԸՀ-ն նիստ է հրավիրել ժամը 20-ին, ինչից վրդովված «Ելք»-ի ներկայացուցիչները որոշել են դիմել նաեւ Վարչական դատարան՝ կապված Հանձնաժողովի անգործության հետ:

Կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սպարտակ Ղուկասյանը գնացել է իր ընտանիքին պատկանող, բայց վարձով տրված գազալցակայան ու ծեծել աշխատակիցներին: Լուրերի համաձայն՝ ծեծված մի երիտասարդ աչքի լուրջ վնասվածք է ստացել եւ կուրանալու վտանգ կա: Նա «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին է: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, տեղեկությունները ստուգվում են: Մեր թղթակցի հետ զրույցում, սակայն, Վարդան Ղուկասյանը չի ցանկացել մեկնաբանել որդու հետ կապված միջադեպի մասին լուրը՝ այն հորինված եւ դիտավորություն որակելով. հիմարություններ են, որոնց պատգամավորը չի հավատում:

Հանրապետությունում գրանցված արտակարգ պատահարների մասին: Իջեւան-Երեւան ճանապարհին մահվան ելքով խոշոր վթար է տեղի ունեցել. «ԶԻԼ»-ը բախվել է «Ֆորդ»-ին, այնուհետեւ դուրս եկել հանդիպակաց գոտի ու բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին՝ 56-ամյա Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղեւորները՝ 24-ամյա Սերգեյ Բադալյանը եւ 85-ամյա Էմմա Դավթյանը, մահացել են հիվանդանոցում: Հոսպիպտալացվել է նաեւ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 53-ամյա Միշա Բադալյանը: «ԶԻԼ»-ի վարորդը՝ Հրազդանի 64-ամյա բնակիչ Նորիկ Մարգարյանը, դեպքի վայրից փախուստի է դիմել, իսկ հետո ինքնակամ ոստիկանություն ներկայացել:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում բակերից մեկում կնոջ դի են հայտնաբերել: Մահացածը 77-ամյա կին է, նետվել է շենքի 6-րդ հարկից: Իրավապահները երկտող են գտել, որում կինը խնդրել է իր «քայլի համար ոչ ոքի չմեղադրել»: Ըստ տեղեկությունների՝ մահացածը նախկինում նույնպես մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, բայց հարազատները կանխել են:

Մայիսի 12-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 526, ռուբլունը՝ 8 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Մայիսի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ