News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ավրորա» մրցանակին՝ մեկ միլիոն դոլարի չափով, այս տարի արժանացավ Սուդանում աշխատող ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին կայացած մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր էին ժամանել: Միջոցառմանը ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ մրցանակաբաշխության հաղթողի անունը հայտարարեց ու մրցանակը բժշկին հանձնեց Շառլ Ազնավուրը:

Թոմ Քաթինան ամերիկացի վիրաբույժ է, արդեն երկար տարիներ աշխատում է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցում: Քաթինան հիվանդանոցի միակ բժիշկն է եւ հոգ է տանում շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման մասին: Պատերազմի պատճառով հաճախ է ծանր հիվանդներ ունենում, այդ թվում՝ երեխաների: Ասում է՝ հիվանդանոցում շատ բանի պակաս ունեն. սարքավորումներ, դեղորայք... Ստացած 100 հազար դոլարի անձնական դրամաշնորհով բժիշկը պատրաստվում է հոգալ հիվանդանոցի կարիքները, իսկ 1 մլն դոլարը բաժանելու է բարեգործական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության միջեւ:

Ի դեպ՝ այս օրերին, երբ Քաթինան Հայաստանում է, նրան փոխարինելու համար կամավոր Սուդան են մեկնել երեք հայ մասնագետներ՝ ռազմական բժիշկներ Գեւորգ Ոսկանյանն ու Հայկ Հովհաննիսյանը եւ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը:

Այս տարի չէր կարողացել Հայաստան ժամանել «Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին: Հոլիվուդյան դերասանը, սակայն, տեսաուղերձ էր պատրաստել: Նշել է, որ շատ կցանկանար Երեւանում լինել, բայց չի կարող բաց թողնել երկվորյակների ծնունդը, որոնք կարող են ցանկացած ժամանակ լույս աշխարհ գալ:

«Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները հինգն էին՝ Սուդանից, Աֆղանստանից, Սոմալիից, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից եւ Սիրիայից: Այդ երկրներից երաժիշտների մասնակցությամբ հնչած Բախի ռե մինոր տոկատտան եւ ֆուգան, ի դեպ, միջոցառման ամենահիշարժան հատվածներից էր: Գեղեցիկ կատարումով հանդես եկան նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարներ Մարիա Վինոգրադովան ու Դենիս Ռոդկինը. նրանք ներկայացրեցին հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, իսկ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը: Հայկական հայտնի «Արի՛, իմ սոխակ» օրորոցայինի կատարումը նույնպես տպավորիչ էր: Աննա Մայիլյանին դահլիճից ընկերակցեցին ռուսաստանաբնակ երաժիշտ, հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Հանրապետության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք ոլորտների գործիչների պարգեւներ է հանձնել ու պատվավոր կոչումներ շնորհել: Հետմահու պարգեւի է արժանացել արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը: Պարգեւը նախագահը Երիցյանի այրուն է հանձնել: Հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մշակույթի մի շարք գործիչներ էլ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ են ստացել: Ժողովրդական արտիստի կոչման արժանացել է Արմեն Էլբակյանը, վաստակավոր արտիստի կոչման ստացածների թվում էլ Էմմա Պետրոսյանը, Խորեն Լեւոնյանն ու Ռազմիկ Ամյանն են: Ամյանի վաստակավոր արտիստի կոչումը համացանցում մեծ արձագանք է ստացել, իսկ Ֆեյսբուքում երգչի գրառումը մեմ է դարձել: Վաստակավորը որոշել է շնորհակալություն հայտնել պարտավորեցնող պարգեւի համար՝ հայատառ գրառումից հետո նույնը նաեւ լատինատառ գրելով: Համացանցի օգտատերերը սկսել են հեգնել Ռազմիկ Ամյանին՝ Ֆեյսբուքում իրենց գրառումներին ավելացնելով նաեւ դրանց լատինատառ տարբերակը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը որոշել է վերցնել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած մանդատները: Զարուհի Փոստանջյանն ասում է՝ քաղաքապետարան գնալու համար իրենց քվեով կուսակցությանը լիազորություններ է տվել ժողովուրդը եւ պետք է կատարեն դրանք: Փոստանջյանը նաեւ զգուշացրել է. քաղաքապետարանում շուտով զգալու են իրենց հարձակումները՝ իրավունքի, օրենքի տեսանկյունից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ահազանգ է ստացել, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր մեկնած փրկարարները, սակայն, տեղազննման արդյունքում ռումբ չեն հայտնաբերել: Իրավապահները որոնում են կեղծ ահազանգի հեղինակին:

Արարատի մարզում ողբերգական պատահար է տեղի ունեցել: «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Զոդի կամրջի վրայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ շուրջ 40 մետր պտտվելով՝ բախվել բետոնե պարսպին: Վթարի հետեւանքով վարորդը՝ 26-ամյա Արամ Չիչոյանը, տեղում մահացել է: Մինչ փրկարարների ժամանումը տեղի ուժերով մեքենայից դուրս են բերել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացած չորս ուղեւորներին եւ հիվանդանոց տեղափոխել: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է:

Իսկ Երեւանում տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորներ կան: Դրոյի փողոցում բախվել են Opel եւ Lexus մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 3 տուժած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ակումբը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից այն գնել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: Գործարարը պատրաստվում է փոփոխություններ անել «Փյունիկ»-ում: Ամենայն հավանականությամբ, շատ շուտով կփոխվի ակումբի անունը, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ, բայց, նոր սեփականատիրոջ հավաստմամբ, չի պատրաստվում գալ ու միանգամից ամեն ինչ քանդել: Ի տարբերություն Հայրապետյանի՝ Արթուր Սողոմոնյանն ուզում է ակումբի աշխատանքներում ավելի շատ տեղացի մասնագետների ներգրավել: Այդ հարցով նույնիսկ խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ, մի քանի խորհուրդ ստացել: Արագ արդյունքներ Սողոմոնյանը չի ակնկալում, բայց հույսեր է կապում առաջիկա պատանեկան եւ երիտասարդական մրցաշարերի հետ: Առաջիկայում գործարարը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել եւ պատասխանել ակումբի ապագայի հետ կապված բոլոր հարցերին:

Դոլարի անկումը կանգ է առել, փոխարենը թուլացել է եվրոն: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 538, ռուբլունը՝ 8 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 618 դրամ:

Մայիսի 30-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին կարճատեւ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ