News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը գնել է «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբը: Թե ինչ մեծ փոփոխություններ կլինեն Հայաստանի 11-ակի չեմպիոն թիմի կազմում գործարարը պատմեց NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:

Պարոն Սողոմոնյան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ՝ երեք ամիս առաջ,  Դուք ասացիք, որ չեք պատրաստվում ներգրավված լինել հայկական ակումբային ֆուտբոլում, իսկ հիմա ձեռք բերեցիք «Փյունիկը»: Ի՞նչ փոխվեց վերջին երեք ամսում:

Իրականում, մեր վերջին խոսակցությունը մարգարեական ստացվեց: Շատ լավ հիշում եմ մեր այդ հանդիպումը: Դրանից մի քանի օր անց ես հեռախոսազանգ ստացա, որտեղ ինձ առաջարկեցին հանդիպել ու քննարկել «Փյունիկի» հարցը:  Այդ հարցազրույցից հետո, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ: Ես միշտ ասել եմ, որ շատ եմ սիրում Հայաստանն ու ֆուտբոլը: Եվ ուզում եմ մի բան անել, որը հետք կթողնի: Կարծում եմ՝ հիմա ճիշտ պահն է:

Այն ժամանակ Դուք խոսում էիք «Միկայի» ու նրա դպրոցի մասին:

Այո, բայց ինչպես առաջ էի ասում՝ ինձ մոտ կարճաժամկետ ծրագրեր չեն՝ գալ, թիմ ստեղծել ու հաղթել: Հիմնական նպատակը տեխնոլոգիապես ճիշտ թիմ կառուցելն է՝ հենց մանկապատանեկան տարիքայիններից սկսած: Այդ առումով ամենահեռանկարային դպրոցը «Փյունիկինն» է: Կարծում եմ՝ կարող ենք գնալ ճիշտ ուղղությամբ: Մենք կներգրավենք արտերկրից մասնագետների, բայց նաեւ տեղացիներին էլ մեծ տեղ կտանք:

Իսկ ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց գնել «Փյունիկը»:

Մենք Նոբել Առուստամյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Նա ինձ ասաց, որ նման միտք կա: Մինչ այդ նա այն քննարկել էր «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցի հետ, ով էլ մինչ այդ խոսել էր Ռուբեն Հայրապետյանի հետ: Այստեղ կարելի է ասել՝ աստղերն այդպես համընկան:

 Ավելի հեշտ չէ՞ զրոյից թիմ կառուցել, քան գնել այն:

«Փյունիկում» զրոյից ստեղծել պետք չէր: Այստեղ կա դպրոց, որտեղ պարապում են մոտ 600 երեխաներ: Այդպես պատահեց, որ ինձ առաջարկեցին հենց այդ թիմը:

Գաղտնիք չէ, որ հայկական ակումբային ֆուտբոլը լավ ժամանակներ չի ապրում, վերջին տարիներին շատ ակումբներ փակվեցին: Ձեր ներդրումները, ստացվում է, ավելի շատ բարեգործական բնույթ են կրելու:

Ես այն չէի անվանի բարեգործություն: Եթե Հայաստանում չկան օրինակներ, թե ինչպես են անհատ թիմերը կարողանում հաջողության հասնել միջազգային ասպարեզում, ապա Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում կան: Վառ օրինակ է «Կրասնոդար» թիմը:

Ես արագ արդյունքների չեմ սպասում: Ավելի շատ կարող ենք հաջողություն գրանցել պատանեկան ու երիտասարդական մրցաշարերում, որոնցից մեկը շուտով կանցկացվի Հայաստանում:

Ես հույս ունեմ, որ այլ գործարարներ նույնպես կսկսեն ներդրումներ անել հայկական ֆուտբոլում: Ինձ համար լավ օրինակ է Ջեւան Չելոյանցը: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ներդնում թիմի մեջ: Ինձ միշտ ասում է՝ երբ կտեսնես թիմիդ սաները խաղում են հավաքականում, կհասկանաս, որ իզուր չի կորել ժամանակդ: Իհարկե, հասկանում եմ, որ մենք ներդնում ենք գումար, բայց արդյունքը գալու է ոչ թե գումարի տեսքով, այլ զգացմունքների եւ ֆուտբոլին օգուտ տալու: Ես կցկտուր լսել եմ, որ սփյուռքից այլ գործարարներ եւս պատրաստվում են ներդրումներ կատարել ֆուտբոլում: Կարծում եմ՝ մի քանի տարի անց ավելի շատ ակումբներ կունենանք ու ավելի հետաքրքիր առաջնություն:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն «Փյունիկում»:

Իհարկե, կլինեն կադրային փոփոխություններ: Բայց ես չեմ ցանկանում գալ եւ ամեն բան քանդել: Մանչեսթերում շփվում էի Մխիթարյանի հետ, նա ինձ մի քանի խորհուրդ տվեց հայ մասնագետների վերաբերյալ: Ինչքան էլ օտարերկրացի մասնագետների հրավիրենք, տեղացիները ավելի լավ գիտեն մեր շուկան ու առանց նրանց չենք կարող:

Ի՞նչ գիտեիք «Փյունիկի» մասին մինչ այն գնելը:

Ես քիչ բան գիտեի: Իմ հասակակիցները «Արարատի» երկրպագու են եղել: Գիտեմ, որ «Փյունիկը» Հայաստանի նորագույն պատմության ամենատիտղոսակիր թիմն է: Չեմ թաքցնի՝ մենք մտածում ենք փոխել թիմի անունը: Հնարավոր է՝ մոտ ապագայում այն այլեւս չկոչվի «Փյունիկ»: Այդ ամենի մասին մենք կպատմենք մամուլի ասուլիսին, որը հնարավոր է տեղի ունենա հունիսի 3-ին  : Բոլորիդ կսպասենք այնտեղ:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ