Սուրճ չեփելու համար համագյուղացի կնոջը բռնաբարելու եւ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով դատական նիստերն այսուհետ ամենայն հավանականությամբ դռնփակ են անցկացվելու:
Անցած տարվա դեկտեմբերին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված այս գործի վերաբերյալ տեղեկատվությունը Դատական տեղեկատվական համակարգում ի սկզբանե բաց էր, սակայն օրերս տեղեկատվությունն անհասանելի է դարձել, ինչը նշանակում է, որ որոշում է կայացվել նիստերը դռնփակ անցկացնել:
Նշենք, որ ամբաստանյալ Արսենն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսենն անցած տարվա դեկտեմբերին մտել է մարզի գյուղերից մեկի տնակ եւ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել: Ստանալով մերժում` Արսենը դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան եւ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Արսենը գրավով ազատ է արձակվել:




























