News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին։

«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,- ասել է նա։

Լեւոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդն այժմ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր չի իրականացնում:

«Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաեւ գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը եւ մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում եւ մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը:

Նա նշել է նաեւ, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի:

«2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրաետանային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով:

Մեկանգամյա ուսուցումը դեռեւս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառել: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչեւ վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,-նշել է նախարարը:

Լեւոն Մնացականյանը Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ այդ հայտարարությանը նպատակը միայն հասարակությանը հանգստացնելն է։

 «Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, մինչեւ 250-300 հատ հրետանի եւ ականանետ՝ մինչեւ 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի եւ խոշոր տրամաչափի մինչեւ 60 հատ, հակատանկային միջոցներ մինչեւ 600-700 հատ եւ անձնակազմ՝ մինչեւ 20000 եւ ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ եւ ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն»,-ասել է նա:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենքի առկայության մասին Զաքիր Հասանովի հայտարարությանը, նշել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն անգամ  առաջատար երկրները չունեն։

«Իսկանդերի» հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչեւ 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանին մոտ։ Դեռեւս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ Մարդ, որը որ  ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը  համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա է, որի մարտական մասը մինչեւ 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, եւ հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդիկ են»,-ասել է նա։

Տպել
Ամենաշատ