News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


4 օր անց վերջապես հաջողվել է մարել «Խոսրովի անտառում» մոլեգնող հրդեհի հիմնական օջախները:  Հայաստան ժամանած ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռի միայն 9-րդ թռիչքից հետո է հնարավոր դարձել մարել կրակը: Աշխատանքներին «օգնել» է նաեւ գիշերվանից տեղացող անձրեւը:

Չնայած վտանգավոր օջախները մարվել են, գլխավոր հարցը դեռ անպատասխան է մնում՝ որն է եղել խոշոր հրդեհի պատճառը: Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնն է պատճառը:  Գլխավոր դատախազությունը չի շտապում մեկնաբանություն տալ: Մյուս կարեւոր հարցն է՝ ինչու Խոսրովի անտառի հրդեհը մարելու համար ավելի շուտ հայկական կողմը չդիմեց Ռուսաստանին՝ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով: Հնչող մեղադրանքների եւ քննադատությունների հետ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ: NEWS.am-ին տված հարցազրույցում նախարարը վստահեցրել է՝  օգնության են դիմել ժամանակին: Թե ինչ վնասներ է կրել անտառը հրդեհից, առայժմ չի հաղորդվում: Բնապահպանները մոտավոր հաշվել են՝ ոչնչացվել է արգելոցի տարածքի 10 տոկոսը:

Խորհրդարանական ընտրություններից առաջ հանրապետությունում տեղի ունեցած միջադեպերը հանգուցալուծում են ստացել: Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Արթուր Հայրապետյանը դատապարտվել է 5 ամսվա ազատազրկման:  Ի դեպ, դանակահարությունից անմիջապես հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է դանակահարել ԲՀԿ-ի համախոհին: Երկրորդ միջադեպը գրանցվեց մարտի 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: ՕՐՕ-ի եւ ՀՀԿ-ի համախոհների միջեւ տեղի ունեցած դանակահարության գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն օրերս դատապարտվել է  1 տարվա պայմանական ազատազրկման: Նշենք, որ այդ դանակահարությանը նախորդել էր ծեծկռտուք, որին մասնակցել էին նաեւ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանն ու նրա եղբայրը, որը նույնիսկ մարմնական վնասվածքներով դեպքից հետո ոստիկանություն էր դիմել:

Հետաքրքիր է, որ երկու դեպքերն էլ իրավապահները որակեցին որպես կենցաղային հողի վրա հանցագործություն:

ԵՄ-ի Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը լքում է իր պաշտոնը։ Նա աշխատանքի է անցնելու Գերմանիայում: Ո՞վ է լինելու նոր հատուկ ներկայացուցիչը, NEWS.am-ի թղթակցին ԵՄ-ի մամուլի քարտուղարի գրասենյակից հայտնել են, որ նոր հանձնակատար նշանակելու գործընթացը շարունակվում է եւ արդյունքների մասին կհայտարարեն առաջիկայում:

Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերն  օգոստոսին կտրուկ թանկացել են: Եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսը կարելի էր գնել մինչեւ 68 հազար դրամով, այս օրերին դժվար է գտնել նույնիսկ 160 հազար դրամանոց տոմսեր: Ավիաընկերությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սակագների նման բարձրացումը պայմանավորել են սեզոնային պահանջարկով. սեպտեմբերի 1-ից գները կրկին կիջնեն, վստահեցրել են ընկերության ներկայացուցիչները: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը նույնպես համակարծիք է.  դիտավորություն չկա, ընդամենն առաջարկը պահանջարկին չի բավարարում, իսկ պետությունն այս գործում ոչինչ անել չի կարող. ավիաընկերությունն ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:

Հայաստանի քաղաքացին այսօր գիշերը մահացել է «Դոմոդեդովո» օդանավակայանում:  57-ամյա տղամարդը դստեր հետ պետք է Երեւան թռչեր, սակայն հանկարծակի իրեն վատ է զգացել: Բուժկետ տեղափոխելուց րոպեներ անց տղամարդը մահացել է: Հայտնի է, որ մինչեւ օգոստոսի 14-ն ուղեւորն ուռուցքային հիվանդության դեմ բուժում է ստացել Մոսկվայում:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր զինվորական կարգով հուղարկավորել են  Արցախում զոհված ժամկետային զինծառայողին: 19-ամյա Արման Մովսիսյանը 1 տարվա զինծառայող էր, դեպքը տեղի է ունեցել դիրքերում, Արմանը զոհվել է հակառակորդի կրակոցից: Նրան հրաժեշտ տալու էին եկել բարձրաստիճան զինվորականներ, ծառայակից ընկերները:

62 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Գլագոլեւան:  Դերասանուհու մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը: Վերա Գլագոլեւան դերասանուհի էր, ռեժիսոր, խաղացել է «Թշնամիներ», «Մի կրակեք սպիտակ կարապների վրա», «Քո մասին» եւ այլ ֆիլմերում: Վերջին անգամ նա խաղացել էր Իվան Տուրգենեւի պիեսի հիման վրա 2014 թ.-ին նկարահանված «Երկու կանայք» ֆիլմում:

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել:   Օգոստոսի 16-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 560, դոլարինը՝ 478, բրիտանական ֆունտինը՝ 616 դրամ: Աճել է միայն ռուբլու փոխարժեքը՝ կազմելով 8.03 դրամ:

Հանրապետությունում այսօր գիշեր եւ վաղը երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է  անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Մայրաքաղաքում նույնպես սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ