News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարություն՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Պաշտոնական Անկարան առայժմ պատճառը չի բացահայտում, գերմանական «Շպիգելը», սակայն, պնդում է, թե դեսպան Մարտին Էրդմանի հետ այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը թուրքական կողմը մտադիր է քննադատել Բունդեսթագում անցած տարի ընդունված բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, հաղորդում է «Ազատությունը»:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը չի հաստատել եւ չի հերքել այս տեղեկությունը, փոխարենն ընդգծել է՝ Բեռլինում արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի արտգործնախարարություն, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1915 թվականի Եղեռնը դատապարտող բանաձեւից հետո Թուրքիան ժամանակավորապես ետ էր կանչել Բեռլինից իր դեսպանին: «ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջեւ ճգնաժամն այն ժամանակ հաջողվեց մի փոքր հարթել միայն այն ժամանակ, երբ Գերմանիայի կառավարությունը հավաստիացրեց որ այդ փաստաթութղթը իրավական ուժ չունի»,- հաղորդում է dpa գործակալությունը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, պաշտոնական Անկարան կրկին արտգործնախարարություն էր հրավիրել Գերմանիայի դեսպանին, այս անգամ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակացության առաջնորդ, ազատազրկման մեջ գտնվող Աբդուլա Օջալանի օգտին Քյոլնում անցկացված հանրահավաքի կապակցությամբ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ բազմահազարանոց այդ հավաքին ահաբեկչական քարոզչություն է իրականացվել, ինչին Գերմանիայի իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո երկկողմ հարաբերություններում սկսված լարվածությունը մինչ օրս չի մարում: Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին համեմատում է նացիստների ու ֆաշիստների հետ՝ պնդելով, թե նրանք Անկարայի թշնամիներն են: Կանցլեր Անգելա Մերկելն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հիմնական մրցակից, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցն էլ պնդում են՝ ներկայիս Թուրքիան անելիք չունի եվրոպական ընտանիքում, եւ Բրյուսելը պետք է դադարեցնի անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ:

Տպել
Ամենաշատ