News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բոսֆորի նեղուցով շարժվում ենք հայերի կղզի. Ստամբուլից Իշխանաց կղզիներ տեղափոխող նավը, թվում է, այնքան դանդաղ է սլանում ալիքների վրայով, որ ծովում վազելու ցանկություն է առաջանում։ Անհամբերությունս մեղմում է մի բաժակ տաք թեյը, հետաքրքրասիրությունս՝ սրվում, երբ կողքից լսում եմ․ «Ահա, այն շինությունը, որտեղ կոտորելուց առաջ հավաքել են հայ մտավորականներին․․․»։

Սկսում եմ ավելի ուշադիր զննել Մարմարա ծովի ափով մեկ ձգվող հսկայական քաղաքը, մտովի տեղափոխվում եմ ժամանակի մեջ, պատկերացնում կատարվածն ու, ամբողջ մարմնով փշաքաղված, վայրկյան առաջ ցանկանում հասնել հայերի կղզին։ Բաց ծովի հեռվում սկսում են երեւալ տների կտուրները, որոնք գնալով ավելի են մեծանում, հետո կարմիր գույն ստանում ու վերջապես վերածվում տների․․․

«Քնալը»,- տեղեկացնում է բարձրախոսը, եւ մենք իջնում ենք նավից։ Ձկնահոտով լցված նավահանգստից ձգվող նեղլիկ փողոցներից մշտական արձակուրդի հոտ է գալիս՝ մի տեսակ հավերժական սիեստա, որն ուրվագծվում է կղզու բնակիչների դանդաղկոտ շարժուձեւի մեջ։ Ժամանակն ասես կանգ է առել այստեղ, կղզուց դուրս կարծես իրականություն չկա, իսկ անցյալը չի էլ եղել։ Ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում, երբ Թուրքիայում անցկացրած բոլոր օրերին ինձ չլքող ներքին անհանգստությունն ու վրդովմունքը նահանջում են, ձուլվում կղզու խաղաղության մեջ։

Ափամերձ գլխավոր փողոցում հիմնականում զբոսաշրջիկներ են, որոնք հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում են տեղանքն ու խույս տալիս հուշանվերներ վաճառող կպչուն առեւտրականներից։ Կղզու կոլորիտը միանշանակ սրճարաններում հավաքված՝ շախմատ խաղացող կամ զրուցող տարեց տղամարդիկ են, լողափին իրենց պարապ արեւայրուքի ու զրույցի տված կանայք, փոքրիկ խանութների առջեւ անցորդների հետ խոսքի բռնված խանութպանները։ Այս կղզում բոլորը ճանաչում են իրար, նրանց 80 տոկոսը հայեր են։  

Հրանտ Դինքի անվան մանկական խաղահրապարակի կողքով քայլում եմ դեպի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Որքան հեռանում եմ գլխավոր փողոցից, այնքան աղմուկը նվազում է, եւ տների բաց պատուհաններից լսվող զրույցների մեջ առանձնանում են հայերեն բառերը։  

Ձախ կողմում հին տուն է, որի բաց պատուհանից երեւում է պատից կախված գրությունը՝ «Փառք Աստծու»։ 

«Հայե՜ր են»,- ոգեւորությամբ ասում եմ ընկերներիս ու շարժվում առաջ։ Բարձրանում եմ սարի նման վերեւ ձգվող կղզու ամենաբարձրադիր փողոցը, որտեղից կարողանում եմ տեսնել կղզու ամբողջական տեսքը․ առաջին բանը, որ աչքի է ընկնում, ավտոմոմեքենաների իսպառ բացակայությունն է․ փոքրիկ կղզու բնակիչները տեղաշարժվում են բացառապես հեծանիվներով ու սկուտերներով։ Ամենաբարձր կետից շնչում եմ մաքուր օդն ու շտապում ընկերներիս մոտ։

«Հա՞յ ես, եգուր քովս»,-լսում եմ կողքի նստարանից։ Տեղավորվում եմ տարեց տղամարդու կողքին ու պատասխանում Հայաստանի մասին նրա անվերջ հարցերին։ Նրա պոլսահայերենը լիարժեք չեմ հասկանում, ինքն էլ՝ երեւի ինձ, բայց շփումը շատ ջերմ է ստացվում։ «Ձմեռն էլ հոս կապրինք, շատ դժվար է, բայց կսիրենք կղզին․ աշխարհին մեջ ամենահանգիստ ու մաքուր տեղն է․․․հայկական դպրոց չունինք, չէ, երեխաները Ստամբուլ կերթան․․․կենդանիներ կսիրենք, կպահենք հոս, որ մեզ լավ զգանք»,- պատմում է նա։

Հեռվից նկատում եմ հայերի կղզուց մեզ «Թուրքիա» եւ իրականություն վերադարձնող նավը։ Հրաժեշտի փոխարեն լսում եմ․ «Հայաստանում մնացեք, ան ալ փոքրիկ կղզի է․․․»։

Էրդողանի նոր ծրագրի համաձայն՝ գերազանցապես հայկական, հրեական եւ հունական համայնքներով բնակեցված Իշխանաց կղզիներում շուտով կարող է լայնածավալ շինարարություն սկսվել, ինչի արդյունքում Թուրքիայի իշխանությունները հույս ունեն կղզիների բնակչությունը 14 հազարից հասցնել 76 հազարի, բնականաբար, թուրք բնակչության ավելացման հաշվին։ Վերլուծաբանների կարծիքով՝ կղզիների ուրբանիզացման այս ծրագրի իրական նպատակն այն է, որ քրիստոնյա եւ հրեա բնակչությունն այլեւս մեծամասնություն չլինի։ Կղզիների բնակիչները դժգոհ են՝ այս նախագիծը պլանավորելիս՝ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել։ Եթե այս ծրագիրն իրականություն դառնա, Քնալըն այլեւս դժվար կլինի անվանել հայերի կղզի։

Տպել
Ամենաշատ