News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում շքեղությունը միաձուլված է աղքատությանը։ Այս մասին գրում է El Pais իսպանական թերթի ճանապարհորդությունների մասին հոդվածաշարի հեղինակ Անտոնիո Էլյորսան իր «Արարատ լեռան ստվերում» հոդվածում։

«Հայաստանը եզակի է նրանով, որ դրա խորհրդանիշը՝ Արարատ լեռը, գտնվում է երկրի սահմաններից դուրս, որպես առաջին համաշխարհային պատերազմի հետեւանք։ Դեպի լեռան երկու գագաթներ հիասքանչ տեսարան է բացվում Խոր Վիրապ վանքից։

Էջմիածին հոգեւոր կենտրոնից ոչ հեռու մայրաքաղաք Երեւանն է։ Այստեղ ճոխությունը միաձուլված է աղքատությանը։ Սա մեծ հյուրանոցների ու պողոտաների քաղաք է։ Քաղաքի կենտրոնն իրենից ներկայացնում է խորհրդային ու նեո- ավանդական հայկական ճարտարապետության խառնուրդ։ Ռեստորաններում մատուցում են համեղ ոչխարի միս՝ համեմունքներով ու գարեջրով պատրաստված։ Եվ իհարկե կոնյակ ու ոգելից խմիչք, տնական մրգային օղու տարբեր տեսակներ։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրից բացի՝ Երեւանը եկվորներին անսպասելիորեն զարմացնում է թանգարանների քանակով։ Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահը, Մատենադարան։ Կա նաեւ յուրահատուկ, փոքրիկ թանգարան՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին։ Իսկ Ազգային պատկերասրահում քիչ չեն Ֆրագոնարի, Վան Դեյքի, Տինտորետոյի, Ռեպինի գլուխգործոցներից։ Կա նաեւ Լենինի դիմանկարը, որը պատկանում է Պետրով Վոդկինի վրձնին, նկարիչ, որի աշխատանքները հիմա նորովի են բացահայտում։

Ձնածածկ սարերի մեջ բազմաթիվ միջնադարյան վանքեր կան։ Դրանք շրջապատված են քարե խաչերով՝ խաչքարերով։ Դրանք նաեւ զարդարված են ծաղիկների ու թռչունների պատկերներով ու իրենցից ներկայացնում են հավատի ու  բնության ծաղկունքի միաձուլումը։ Խաչքարերից ոչ մեկը մյուսին նման չէ։

Երեւանից ոչ հեռու կարելի է բազմաթիվ գեղեցիկ հուշարձաններ տեսնել։ Հեթանոսական Գառնին (որտեղ Նովրուզին գալիս են նաեւ իրանցիներ) եւ հիասքանչ Գեղարդը, իսկ դեպի հյուսիս՝ սքանչելի տաճարներ՝ Քասախ գետի կիրճերի մոտ։ Օհանավանքը, նաեւ ձորի եզրին գտնվող Սաղմոսավանքը։

Սեւանա լճի մոտ Սեւանավանքն է։ Դեպի հյուսիս մեզ դիմավորում է սարերի միջով անցնող թունելը, որը տանում է դեպի Դիլիջան՝ «հայկական Շվեյցարիա»։ Այստեղ սիրում են հանգստանալ ռուսները։ Դրանից արեւելք Գոշավանքն է ՝ իր երեք եկեղեցիներով։ Կողքին Հայաստանի գեղեցկագույն խաչքարերից մեկն է։

Իսկ դեպի հարավ- արեւելք, Լեռնային Ղարաբաղի ճանապարհին Նորավանք հրաշագեղ վանքն է, կարմրավուն սարերի մեջտեղում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ