News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մահացել է հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա 68 տարեկան էր: Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց. նա 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստյեւի մորից 700 հազար դոլար կորզելու մեղադրանքով: Հայրապետյանը, սակայն, չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Առողջական խնդիրների պատճառով գործարարը տնային կալանքի տակ էր, սակայն 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ՝ ամենասարսափելի կալանավայրերից մեկը Ռուսաստանում: Գործարարի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը նշել է, որ հայրը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է 54-ամյա հայ գործարար Անդրանիկ Նիկողոսյանը: «Ապարան» ընկերության տնօրենին սպանել է նրա երկարամյա բիզնես գործընկեր եւ ընկեր Վարդան Թովմասյանը: Վերջինը փախուստի չի դիմել, նրան ձերբակալել են հանցագործության վայրում: Ոստիկանության տվյալներով՝ մինչեւ կրակոցները հնչելը հարձակվողի եւ զոհի մեջ վեճ է եղել: Անդրանիկ Նիկողոսյանը ծնունդով Ապարանից էր, բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում:

Նշենք, որ սա մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինահայ երկրորդ գործարարի սպանությունն է: Հոկտեմբերի 5-ին էլ Մոսկվայում սպանվել էր Օդեսայից գործարար Արսեն Փափազյանը: Նոր մանրամասներ են հայտնի նաեւ Մոսկվայում 38-ամյա հայի սպանությունից: Ռուսական աղբյուրների համաձայն՝ հանցագործի թիրախում եղել է ոչ թե սպանվածը, այլ մարզիկ Լեչա Սերբիեւը: 38-ամյա Գեորգին նրա վարորդն է եղել: Ըստ լուրերի՝ 33-ամյա Սերբիեւը հիմա բիզնեսով է զբաղվում եւ խոշոր պարտքեր ունի:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկումը։ Նախատեսվում էր այդ հանձնաժողովում քննել Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իրեղեն ապացույցներ է պահանջել Նիկոլ Փաշինյանից այն մասին, որ իր նկատմամբ բռնություն է կատարվել։

Փաշինյանը Պետրոսյանին խորհուրդ է տվել ապացույցների մասին հարցնել իր կուսակից Նապոլեոն Ազիզյանից, որը միջադեպի ականատեսն է եղել: Սակայն Ազիզյանն օրակարգի այս հարցի քննարկման ժամանակ արդեն դահլիճում չի եղել: Ինչ վերաբերում է ապացույցներին. Նիկոլ Փաշինյանն ասել է՝ հենց դրա համար էլ առաջարկում են հանձնաժողով ստեղծել: Գեւորգ Պետրոսյանը նաեւ խորհուրդ է տվել մոռանալ տեղի ունեցածը. դեռ մի քանի տարի միասին աշխատելու են: Իսկ Փաշինյանը, կարծես, ոչինչ մոռանալ չի պատրաստվում: Փոխարենը ուզում է հասկանալ, թե ինչ պայմաններում են աշխատելու:

Այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մեկամյա գործունեությունն է ամփոփել Սուրեն Կարայանը: Նախարարը խոսել է ներդրումների, ձեռներեցներին աջակցության, ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, ՏՏ ոլորտին պետական աջակցության շնորհիվ մեկ տարվա ընթացքում շուրջ 150 սթարթափ է ստեղծվել, մինչդեռ 2014 թվականին դրանց թիվն ընդամենը 16-ն է եղել: Ինչ վերաբերում է ներդրումներին. մի քանի միլիոն դոլարի ներդրում է արվել Հայաստանի տնտեսությունում, այդ թվում օտարերկրյա ներդրումներն ավելացել են 26.3%-ով:

Սուրեն Կարայանը տպավորիչ է անվանել ՀՆԱ-ի ցուցանիշում արտահանման ծավալները: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալների աճն առաջին 8 ամիսներին կազմել է 21.7%: Ընդ որում, ծառայությունների մասով աճ են արձանագրել այն ոլորտները, որոնք կապված են զբոսաշրջության հետ: Նախարարը հույս ունի առաջիկա տարիներին այս ցուցանիշները հասցնել 40-45%: Շուկաները թիրախավորել են, աշխատել են, որպեսզի այդ շուկաներ հայկական ապրանքների մուտքը դյուրացվի, խոչընդոտները վերացվեն: Արդյունքներ, Կարայանի հավաստմամբ, արդեն կան:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ աշխատանքի շնորհիվ էլ միայն այս տարվա ամիսների 14-20 մլն դոլարի պատվեր է եղել: Սուրեն Կարայանն ընդգծել է նաեւ հարեւան Իրանի հետ աշխատանքի արդյունավետությունը, ինչի արդյունքում այս երկիր արտահանման աննախադեպ աճ ենք ունեցել. այս տարվա ութ ամիսներին՝ 11.2 տոկոս:

Կարագի գներն այս տարվա 9 ամիսների ընթացքում շուրջ 35 տոկոսով բարձրացել են: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսօր ներկայացրել է գնագոյացման վրա ազդող մի շարք գործոններ: Արտակ Շաբոյանը չի բացառում, որ գների աճի վրա կարող էին ազդել նաեւ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները: Եվս մեկ գործոն էլ միջազգային շուկայում կարագի գների աճն է:

Պարբերաբար խոսվում է նաեւ ներկրման ոլորտում գերիշխող դիրքի եւ մենաշնորհների մասին, մասնավորապես՝ շաքարավազի, բանանի, կարագի մասով: Արտակ Շաբոյանն այսօր վստահեցրել է, որ այս մթերքները ներմուծողների թիվն էականորեն աճել է: Այս երեք շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, այո, կան, բայց նախկին իրավիճակի հետ համեմատ՝ այստեղ, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նոր խաղացողներ են հայտնվել:

Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն եւ ֆունտն էժանացել են: Հոկտեմբերի 18-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 8 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 19-23-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ