«Սորոս» հիմնադրամը Հայաստանյան հասարակական կազմակերպությանը տվել է 20 հազար դոլարի չափով դրամաշնորհ «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ պայքարելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով ուսանողների դասադուլին:
«Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպությունն այդ դրամաշնորհը ստացել է մի քանի օրվա ընթացքում, դրամաշնորհի պահանջների մեջ նշված է նաեւ, որ ուսանողների մեջ պետք է կազմակերպվի ֆոկուս խմբեր, այնուհետեւ դրանց շուրջ ինչ-ինչ երեւույթներ տեղի ունենան: Այդպես որ ինչ-որ այսօր տեսնում ենք, ազդեցության տակ է «Սորոս» չարիք հիմնադրամի կողմից»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ն այսօր առավոտից նաեւ հացադուլ են հայտարարել եւ փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում՝ հրաժարվելով դուրս գալ այնտեղից:




























