News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա կմեկնի: Այցի օրակարգն արդեն հայտնի է: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից առաջ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցը շատերին կասկածի տեղիք է տվել, քանի որ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ դարձյալ Ռուսաստան մեկնած Հայաստանի նախագահը հայտարարեց, որ մեր երկիրը միանում է ԵՏՄ-ին: Այս անգամ, սակայն, ե՛ւ հայկական, ե՛ւ եվրոպական կողմերը հայտարարում են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է: Իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» բացմանը:

Առաջիկա օրերին էլ մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարարը: Մինչ այդ, սակայն, Սերգեյ Լավրովը կլինի Բաքվում: Այցերը նվիրված են երկկողմ կապերի հաստատման 25-ամյակին, սակայն ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում հանդիպումների ժամանակ նա կքննարկի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը: Ռուսաստանցի պաշտոնյան Ադրբեջանում կլինի նոյեմբերի 20-ին, Հայաստանում՝ 21-ին:

Մինչ այդ, Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Քննարկման մասին տեղեկությունը, ինչպես միշտ, պաշտոնական է. մասնակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ քայլերի շուրջ, քննարկել են նաեւ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ ուսանողների ակցիան այսօր նոր զարգացումներ է ստացել. 5 ուսանողներ հայտարարել են հացադուլի մասին: Նրանք փակվել են Երեւանի պետհամալսարանի լսարաններից մեկում եւ սոցցանցերի միջոցով հայտարարություն տարածել: Մի քանի լրագրողների հաջողվել է զրուցել հացադուլավորների հետ, բայց փակ դռներից այս կողմ: Նրանք ասել են, որ լսարանում են գիշերելու. իրենց հետ բարձ են վերցրել, ներքնակ, հեռախոս եւ այլ պարագաներ: Իսկ դուռը չեն բացելու նույնիսկ իրենց միանալ ցանկացողների համար:

Հացադուլ հայտարարած ուսանողները նաեւ նշում են, որ խնդիրն ուսանողության եւ ԵՊՀ-ի միջեւ չէ, այլ իրենց ու Ազգային ժողովի, որը որոշել է երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունել զինծառայության մասին օրինագիծը: Իսկ դասադուլ հայտարարած մի շարք այլ ուսանողներ համալսարանի մասնաշենքերի առաջ նստացույց են սկսել: Այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած ընկերներին: Ակցիայի մասնակիցներն այսօր նորից Ազգային ժողով են գնացել, հետո երթով վերադարձել պետհամալսարան. նրանք պատրաստվում են գիշերել այստեղ:

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստերի օրակարգում ներառված է նաեւ 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը, բայց այսօր պատգամավորները դրան չեն անդրադարձել. որոշել են քննարկումը սկսել վաղը: Փոխարենն օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել զինծառայության մասին աղմկահարույց օրինագիծը: Պաշտպանության նախարարը քննարկմանը չի մասնակցել. Վիգեն Սարգսյանը պատվիրակությամբ ԱՄՆ-ում է:

Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, նախարարի բացակայությունն անհասկանալի է, հատկապես առաջին ընթերցմամբ օրինագծի քննարկման ժամանակ, իր բնորոշմամբ, «ցինիկ ելույթից հետո»: «Ելք»-ի պատգամավորը նորից անդրադարձել է Վիգեն Սարգսյանի՝ զինծառայությունից տարկետման թեմային: Հիշեցրել է, որ տարկետման հիմքերը ստանալու պահանջով դիմել էր հանրապետության զինկոմիսարին, որից պատասխան է ստացել, թե փաստաթղթերը ոչնչացված են: Պաշտպանության նախարարին Փաշինյանը մեղադրել է նաեւ «Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարը «գողանալու» մեջ: Վստահեցրել է, որ առաջինն այդ մասին Ժիրայր Սեֆիլյանից է լսել: Վիգեն Սարգսյանի հասցեին Փաշինյանի հնչեցրած քննադատությունները լրագրողները խնդրել են մեկնաբանել պաշտպանության փոխնախարարին: Ինչ վերաբերում է նախարարի տարկետման հիմքերը հաստատող փաստաթղթերի վերացմանը. Արտակ Դավթյանն ասել է՝ կարգն է այդպես, իր գործը նույնպես ոչնչացված է:

Իսկ հանրապետական Հերմինե Նաղդալյանը տհաճ իրավիճակում է հայտնվել. մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն այս տարվա մայիսին 2 մլն դրամ գումար է ծախսել հեռախոսազրույցների համար: Ընդ որում, գումարը վճարվել է պետբյուջեից: Նույն աղբյուրների համաձայն՝ Նաղդալյանը խոսել է Չինաստանում սովորող որդու հետ: Պատգամավորը հերքել է. որդուն WhatsApp-ով է զանգահարում: Իսկ 2 մլն դրամը կուտակվել է, քանի որ, վստահեցրել է, բջջայինը սարքին չի եղել:

Ազգային ժողովի մոտ այսօր նորից հավաքվել են «Առինջ մոլ»-ի ու այլ տոնավաճառների աշխատակիցներ: Նրանք ստորագրահավաք են սկսել, խորհրդարանական 4 ուժերին կոչ են անում սատարել իրենց պայքարին:

Ցուցարարներն ասում են՝ հարկային մարմինների աշխատակիցները «տեռորի» են ենթարկում առեւտրականներին: Դա էլ, նրանց խոսքով, վարչապետից է գալիս, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր անընդհատ խոսում է կոշտ վարչարարության մասին: Նրանք խորհրդարանական ուժերին առաջարկում են նաեւ հանձնախումբ ստեղծել՝ պարզելու, թե 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող հենց ՊԵԿ-ի աշխատողներն ինչպես են ունեցվածք կուտակում, շքեղ տներ կառուցում ու մեքենաներ գնում, մինչդեռ իրենք վարկերով են ապրում: Ցուցարարների հետ հանդիպման են գնացել Ազգային ժողովի «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ «Ծառուկյան» խմբակցությունում քննարկել են հարցն ու որոշել հանձնաժողով ստեղծել, դրանում կներգրավեն նաեւ առեւտրականների ու հարկայինի ներկայացուցիչների՝ հասկանալու, թե ինչպես կարող են լուծել խնդիրն ու չսրել իրավիճակը:

Տոնավաճառներում ստեղծված իրավիճակին պատգամավորներն անդրադարձել են նաեւ Ազգային ժողովի նիստում, ինչը վիճաբանության առիթ է տվել: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել թույլ չտալ, որ Հայաստանում ամենամարդաշատ վայրը դառնա «Զվարթնոց» օդանավակայանը, եւ առեւտրականները նույնպես համալրեն արտագաղթողների շարքերը: Էդուարդ Շարմազանովն արձագանքել է՝ խնդրելով չշեղվել քննարկման թեմայից: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները համառորեն շարունակել են նույն թեմայով խոսել: Արդյունքում Շարմազանովն անջատել է նախ Գեւորգ Պետրոսյանի, հետո նաեւ Վահե Էնֆիաջյանի խոսափողները: Առանց վիճաբանության կարողացել է խոսքն ավարտել Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացրել է, որ «Ելք»-ը միանալու է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը:

Նշենք նաեւ, որ տոնավաճառների առեւտրականները պահանջում են իրենց ազատել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում: ՊԵԿ նախագահն էլ իր հերթին վստահեցրել է, որ առեւտրականներին անվճար հաշվապահական ծառայություն են առաջարկել: Օրեր առաջ էլ «Առինջ մոլում» բախում է եղել առեւտրականների եւ ՊԵԿ աշխատակիցների միջեւ:

Հրազդանում նորածին երեխային սպանելու գործով մեղադրանք է առաջադրվել փոքրիկի մորը: Քննության տվյալների համաձայն՝ 40-ամյա կինը մայիսի 11-ին իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության եւ որեւէ մեկի օգնության, արական սեռի երեխա է լույս աշխարհ բերել, իսկ հետո նորածնին ավելի քան մեկ ժամ թողել զուգարանակոնքի մեջ: Երեխան շնչահեղձ է եղել: Նորածնի դին օրեր անց հայտնաբերել էին Հրազդանի այգիներից մեկում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված: 40-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը դատարան է ուղարկվել:

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը, եվրոն թանկացել է միանգամից 4 դրամով: Նոյեմբերի 14-ին դոլարի փոխարժեքն արդեն կազմել է 488 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 639 դրամ:

Նոյեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ