News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Օձուն համայնքի համայնքապետարանի շենքում նախատեսված է հանրային քննարկում՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար:

Նշենք, որ այս տարվա մայիսին ստեղծված «Միռամ» ընկերությունը դեռ ամռան սկզբից էր ցանկանում հանրային քննարկումներ իրականացնել: Հուլիսի 26-ին նախատեսված հանրային քննարկումն այդպես էլ չէր կայացել: Արդվեցիները, կտրուկ դեմ լինելով իրենց գյուղի տարածքում հանքի գործարկմանը, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպանների աջակցությամբ վաղ առավոտից փակել էին գյուղ տանող ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:

Օգոստոսի 2-ին էլ Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին  համայնքի ավագանին մերժվել էր Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը:

Նույն օրը համայնքի բնակիչները նաեւ բաց նամակ էին հղել ՀՀ կառավարությանը, պահանջելով մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը:

Այժմ, երբ հրապարակվել է նոր հանրային քննարկման ժամանակացույցը, արդվեցիներն անհանգիստ են:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արդվին, մի քանի համայնքների հետ միանալով, հայտնվեց Օձուն խոշորացված համայնքի կազմում: Ու արդվեցիները մտավախություն ունեն, որ Օձունի ավագանին կարող է տալ իր համաձայնությունը՝ երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար:

«Միռամի» հայտի նախնական տարբերակում հանքերեւակման  տեղամասն ընդգրկում էր Մղարթի 54հա եւ Արդվիի 146հա տարածքները:

Նոր՝ լրամշակված նախագծում նշված է, որ հանքերեւակման տեղամասը՝ 54հա, ներառված է Մղարթ համայնքում ու մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օձուն գուղերը:

Արդվեցիները վստահեցնում են՝ նույնիսկ Մղարթի տարածքի օգտագործման դեպքում առաջնային վտանագավոր գոտում կհայտնվեն Արդվիի բնակիչները:

News.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գյուղացիները կարծիք են հայտնում՝ սա նաեւ խորամանկ քայլ է «Միռամի» կողմից, թույլտվություն ստանալու ու հետագայում հանքերեւակաման տարածքներն ընդլայնելու համար:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստի համաձայն՝ «Միռամ» ՍՊԸ-ն գրանցվել է 2017թ-ի մայիսի 10-ին: Նորաբաց ընկերությունը հիմնադրել են ՌԴ քաղաքացի Հենրիկ Գեւորգյանը, ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանը եւ Արայիկ Զադոյանը: Վերջինս հանդիսանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենը, Անահիտ Դանիելյանը եւս ազգակցական կապերով կապված է Վահրամ Բաղդասարյանի հետ:

Վահրամ Բաղդասարյանը, սակայն, Արդվիում հանքի գործրակման հետ կապված աղմուկից կարճ ժամանակ անց սկսեց հերքել իր կապը նշված ընկերության հետ: Գրեթե նույն ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հիմնագիրների ցանկից հանվեցին ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանի եւ Արայիկ Զադոյանի անունները, հիմնադրի մենաշնորհը թողնելով ՌԴ քաղաքացի Հենրիկ Գեւորգյանին:

Տպել
Ամենաշատ