News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ինչպես եւ սպասվում էր, Խորհուրդն Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Դրանով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները եւս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաեւ հիմնահարցի կարգավորման երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Կառավարության այսօրվա նիստի առանցքային թեման բնական գազի հաջորդ տարվա սակագինն է եղել: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հիշեցրել է շուրջ 1 ամիս առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը:

Հաջորդ կարեւոր հարցը վերաբերում էր Դատական նոր օրենսգրքին: Արդարադատության նախարարը մանրամասնել է, որ նոր նախագծով առաջարկվում է Երեւանում ունենալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ դատարան, 2019 թվականից էլ Հայաստանում կստեղծվի Սնանկության դատարան: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նոր օրենսգրքով սահմանվելու է նաեւ դատական սանկցիաների՝ ավելի հստակ համակարգ:

Կարեն Կարապետյանն էլ հանձնարարականներ ուներ նախարարությունների եւ մարզպետարանների համար: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել է Ամանորին նախորդող եւ տոնական օրերին հերթապահություն սահմանել մաքսակետերում եւ առեւտրային բանկերում:

Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է: Հայկական կողմը նշում է, որ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է գար դեկտեմբերի 1-ին:

Ազգային ժողովն այսօր քննարկել է «Ընտանեկան բռնության մասին» նոր օրինագիծը: Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումն անցել է ուրախ մթնոլորտում, լավ տրամադրությունն ապահովել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավորին վրդովել է այն հանգամանքը, որ օրենքի նախագծով ոստիկաններին թույլատրվում է մնալ բռնության ենթարկվածի մոտ այնքան ժամանակ, մինչեւ տուժածը հավաքի իրերը:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հիշել է հայկական սերիալները եւ դրանցում ցուցադրվող բռնության տեսարանները:

Շուրջ 30 րոպե քննարկումից հետո հարցը քվեարկության է դրվել. հանձնաժողովի անդամներից նախագծին դեմ է քվեարկել միայն Գեւորգ Պետրոսյանը: Աղմկահարույց այս օրինագիծը քննարկման կդրվի խորհրդարանի առաջիկա քառօրյայում:

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանին կասկածում են կաշառք պահանջելու մեջ։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քաղաքացի հաղորդում է ներկայացել, որ Եդոյանն իրենից կաշառք է պահանջել: Հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի պաշտոնյան առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում: 2015թ. Երեւանի բնակչին մահացու վրաերթի ենթարկելու դեպքը նույնպես կապում են Արման Եդոյանի հետ:

Ռուսական մեդիայում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը զանգվածային հիստերիա է առաջացրել:

Փաստերի անխնա խեղաթյուրում, պրոֆեսիոնալիզմի բացակայություն, ագրեսիվ հռետորաբանություն՝ ուղղված «ռազմավարական գործընկերոջը» հնարավորինս կոշտ խոցելուն եւ ստորացնելուն. սրանով են աչքի ընկնում ռուսական լրատվամիջոցները՝ «եղբայրական» Հայաստանի դեմ հիստերիկ արշավ սկսելով:

Ռուսական լրատվամիջոցների այսպիսի դիրքորոշումն, անկասկած, չի կարող հարուցել Հայաստանի բնակիչների հիացմունքը: Սա, բնականաբար, հրաշալի հասկանում են ինչպես ռուսաստանցի լրագրողներն ու փորձագետները, այնպես էլ իշխանությունները: Հարցն այն է, թե ինչո՞ւ է սա արվում, ի՞նչ նպատակով է երկու երկրների հասարակություններում արհեստականորեն եւ կանխամտածված հակակրանք սերմանվում: Ռուսաստանի պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը նախօրեին հայտարարել է, թե Ռուսաստանում հակահայկական տրամադրություն չկա, իսկ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ռուսական եթերում հնչող հակահայկական քարոզչությունը «տգետ մեկնաբանություններ» է որակել:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իրեն նախագահի պաշտոնում չի տեսնում: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, որ զբաղվում է սիրելի գործով եւ իրեն երջանիկ է համարում: Առաջիկա նախագահական ընտրություններին, Մեդվեդեւի խոսքով, «Եդինայա Ռոսիան» պատրաստ է սատարել Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մասնակցել ընտրություններին:

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է «Հվասոն-15» նոր հրթիռի արձակման կադրերը:

Պնդումների համաձայն՝ այն կարող է խոցել թիրախներն ԱՄՆ ամբողջ տարածքում եւ հզոր մարտագլխիկ կրել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը շուրջ 50 րոպե տեւողությամբ թռիչքից հետո ընկել էր Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարեփոխմանը նվիրված ելույթում անսպասելիորեն հիշատակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ նրան «հիվանդ շնիկ» անվանելով:

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է: Նոյեմբերի 30-ին այն կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, ֆունտինը՝ 651 դրամ:

Դեկտեմբերի 1-ից հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ