News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն շարունակում է հանդիպումների շարքը: Արմեն Սարգսյանն այսօր էլ հանդիպման էր գնացել Գիտությունների ազգային ակադեմիա: Գիտնականների հետ նա քննարկել է կրթության, գիտության, արտագաղթի խնդիրը, երկրի զարգացման հարցը:

Մինչ այդ լրագրողները Սարգսյանին հարցրել են, թե որքան ժամանակով է մտադիր վերադառնալ: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախ ասել է՝ ընդմիշտ, հետո վերաձեւակերպել պատասխանը: Արմեն Սարգսյանի անունը կապում են նաեւ աղմուկ հանած Ամուլսարի հետ: Թեկնածուն, սակայն, վստահեցնում է. բացարձակ կապ չունի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում վերջնական որոշում կայացնելու համար: Մինչ այդ նա մտադիր է մի շարք հանդիպումներ ունենալ: Երեկ արդեն հանդիպել է խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ էլ կհանդիպի հաջորդ շաբաթ:

Հայաստանի նոր վարչապետն ու նախագահը հարեւաններ կլինեն. նրանց ծառայողական առանձնատուն կտրամադրեն Երեւանում եւ պետական ամառանոց՝ Սեւանում: Կառավարման խորհրդարանական համակարգի անցմանն ընդառաջ՝ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրա համաձայն՝ նոր վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ում, նախագահինը՝ Մաշտոցի 47 հասցեում: Վարչապետի աշխատակազմը չի կարող գերազանցել 600-ը, իսկ նախագահի աշխատակազմն ավելի համեստ կլինի՝ 180 աշխատակցով: Նախատեսվում է նաեւ վարչապետին տրամադրել հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, ինքնաթիռ եւ ուղղաթիռ, մինչդեռ նախագահը միայն ավտոտրանսպորտ կունենա:

Նիկոլ Փաշինյանի արկածները Հռոմում: Ազգային ժողովի պատգամավորն այսօր Fecebook-ում գրել է, որ Իտալիայի ոստիկանությունը պաշարել է հյուրանոցի իր սենյակը: Փաշինյանը հեգնել է. Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով դեռ փնտրում են իրեն: Ոստիկանությունն արձագանքել է գրառմանը՝ տեղեկացնելով, որ 2009 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է իրավապահներին, նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է, այդ մասին տեղեկացվել է նաեւ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը: Հիշեցնենք, որ Փաշինյանը հետախուզման մեջ էր 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո: 2010 թվականին նա 7 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, 2011-ին՝ համաներմամբ ազատ արձակվել:

Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Եվրամիությունն է պահանջում: Երեւանում այսօր մեկնարկած Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի նիստի ժամանակ Դիրկ Լորենցը վստահեցրել է, որ ատոմակայանի անվտանգությունը բարելավել հնարավոր չէ: Էներգետիկայի փոխնախարարը սրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում: Հայկ Հարությունյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկը կարելի է ընդմիշտ շահագործել: Ըստ նրա՝ Հայաստան-ԵՄ բանակցությունների արդյունքում հստակ ձեւակերպվել է, որ մեր երկիրը պետք է ատոմակայանի գործող բլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ ներկայացնի: Անվտանգության ստանդարտներ են մշակվել, 300 մլն դոլարի ներդրում է արվել, բայց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել 10 տարով: Հետո արդեն հերթը կհասնի այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը:

Նախկին պատգամավորի՝ «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանի փեսայի մահվան պատճառը հայտնի է. դիահերձման արդյունքների համաձայն՝ պատճառն ինսուլտն է: Հիշեցնենք, որ 33-ամյա Գոռ Առաքելյանին մահացած էին հայտնաբերել հունվարի 25-ին, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Որոշ տեղեկություններով՝ հյուրանոցի սենյակում, որտեղ գտել են Առաքելյանի մարմինը, սեղանին թմրանյութ հիշեցնող սպիտակ փոշի են հայտնաբերել: Գոռ Առաքելյանը հայտնի էր 2014 թվականին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով: Նա մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման, սակայն ամիսներ առաջ համաներմամբ ազատ էր արձակվել:

ԱՄՆ-ն հրապարակել է ռուս պաշտոնյաների եւ օլիգարխների ցուցակը, որոնց դեմ կարող են անհատական պատժամիջոցներ կիրառվել: «Կրեմլյան զեկույց»-ում ներառվել է 114 բարձրաստիճան պաշտոնյա եւ 96 օլիգարխ: Ցանկում ներառված է Ռուսաստանի գրեթե ամբողջ ղեկավարությունը. ամենաբարձրաստիճան պաշտոնյան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն է, զեկույցում նաեւ 22 նախարարի անուն կա: Օլիգարխների ցանկում 3 հայ կա՝ Սամվել Կարապետյանը, Դանիիլ Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկին: Փորձագետները կարծում են, որ ամերիկյան զեկույցում հայտնվելը կսահմանափակի արտասահմանում այդ պաշտոնյաների եւ գործարարների բիզնես գործունեությունը: Հատկանշական է, որ «Կրեմլյան զեկույց»-ում Վլադիմիր Պուտինի անունը չկա: Պատասխանելով այդ մասին հարցին՝ Ռուսաստանի նախագահը հեգնել է. «Վիրավորական է»:

Թբիլիսիի մետրոյում արտակարգ դեպք է տեղի ունեցել. մետրոյի «Վարկեթիլի» կայարանում առաստաղը փլուզվել է: Պատահարի հետեւանքով 14 մարդ է տուժել, այդ թվում՝ անչափահասներ: Ականատեսները պատմել են, որ այն փլվել է, երբ մարդիկ սպասում էին գնացքի ժամանմանը:

Տուժածների թվում հայեր չկան, թեեւ Վրաստանի մայրաքաղաքի այս շրջանում մեծ թվով հայեր են բնակվում: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ տուժածների բուժման ծախսերը կհոգա քաղաքապետարանը: Ի դեպ՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանն անցյալ տարի էր վերանորոգվել:

Հունվարի 30-ին դոլարի փոխարժեքը կայուն է եղել, եվրոն շարունակել է էժանանալ: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 8 դրամ 58 լումա, ֆունտինը՝ 676 դրամ:

Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 4-ը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +5+6 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ