Ամերիկյան Common Case (Ընդհանուր գործ) հասարակական կազմակերպությունը երկուշաբթի բողոք է ներկայացրել բրիտանական Cambridge Analytica ընկերության դեմ՝ մեղադրելով 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, հայտնում է ABC-ն:

Օրերս New York Times պարբեականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող բրիտանական Cambridge Analytica ընկերությունն ապօրինի ստացել է Facebook-ի 50 մլն օգտատերերի տվյալները, որոնք օգտագործել է 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ:

Բողոքը ներկայացվել է ընտրությունների հարցերի դաշնային հանձաժողով եւ ԱՄՆ արդարադատության նախարարություն՝ կոչ անելով ընկերության գործողությունները քննել հաշվի առնելով, որ ԱՄՆ օրենքները արտասահմանցիներին արգելում են ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցել երկրում քաղաքական արշավներում որոշումներ ընդունելու գործընթացին:

Cambridge Analytica-ից բացի՝ մեղադրանքներ են ներկայացվել դրա մայր ընկերություն SCL Group Limited-ին, գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նիքսին, SCL-ի համահիմնադիր Նայջել Օկուսին, տվյալների մասնագետ Ալեքսանդր Թեյլերին եւ ընկերության նախկին աշխատակից Քրիսթոֆեր Ուայլիին, որը պատմել է ընկերության գործունեության մասին: Նրանք բոլորը ԱՄՆ քաղաքացիներ չեն:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բրիտանական ընկերության հետ համագործակցել է ոչ միայն Թրամփի շտաբը, որը նրան վճարել է մոտ 6 մլն դոլար, այլ նաեւ ուրիշ հանրապետականներ, մասնավորապես՝ Մարկո Ռուբիոն:

Հավաքած տվյաների հիման վրա հետազոտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախապատվությունը եւ նրանց գովազդ են ցուցադրել, որն ուղղակիորեն նրանց շահերի գոտում էր: Մի շարք նահանգների գլխավոր դատախազներ հետաքննության սկզբում մեղադրել են Facebook-ին եւ Cambridge Analytica ընկերությանը: