News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Նարեկ Մանուկյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ NEWS.am-ի ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում հայտնված փոշոտ, կեղտոտ, հոգնած, սակայն ժպտացող զինվորն է: Արդեն հայտնի դարձած նկարը Նարեկը սկզբում չէր սիրում, քանի որ «անհարմար» պահին արված լուսանկար էր: Սակայն 2 տարի անց քառօրյայի մասնակիցը այլ կերպ է արժեւորում այդ նկարն ու նկարի պատմությունը: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը 2 տարի անց հիշեց պատերազմի, իր զգացողությունների եւ պատերազմի տված  դասերի մասին։

Ինչպես սկսվեց…

Ապրիլի 2-ին սովորականի պես արթնացանք,  եւ շարժվեցինք ճաշարանի վերակարգ: Այդ ժամանակ պայթյունի ձայն լսեցինք, սակայն չմտածեցինք, որ պատերազմ է, ու միմյանց հետ կատակում էինք, թե «հենա արդեն մինամյոտով խփեցին», որովհետեւ չէին հավատում, որ իրականում պատերազմ կարող էր սկսված լիներ:

Ճաշարանի պատուհանից արդեն նկատեցինք, որ զորամասում անհանգիստ վիճակ է, հրամանատարի տեղակալները զենքերով են շտաբի դիմաց կանգնած, ինչն ամեն օր չենք տեսնում:

Հետո նկատում ենք, որ հրամանատարի մեքենան է գալիս, հետեւից մի քանի ուրիշ մեքենաներ եւ արդեն հասկանում ենք, որ հաստատ անհանգիստ վիճակ է սահմանին:

Արդեն պատրաստ սպասում ենք, որ ուր որ է տագնապով մենք էլ են բարձրանալու դիրքեր:

Հրամանը չի ուշանում…

Ու հրամանը չի ուշանում: Երբ որ դիրքեր ենք բարձրանում արդեն տեսնում ենք, որ տանկերն ու զրահամեքենաներն էլ են դիրքեր բարձրանում ու այդ ժամանակ մեր մարտկոցի հրամանատարը հայտնում է, թե ինչ վիճակ է տիրում սահմանին, այսինքն նախապատրաստում է մեզ ակտիվ ռազմական գործողությունների

Ճանապարհի կեսին թշնամու հրետանին սկսում է կրակել, մեզ տեղափոխող մեքենան էլ անսարքին լինելու պատճառով կանգնում է, իջնում ենք մեքենան  վերանորոգելու թշնամու հարվածների տակ: Եւ այդ ժամանակ իրոք հասկանում ենք, որ թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություն է իրականացնում:

Կարծես կինո լիներ…

Պատերազմին այնքանով էինք անպատրաստ, որ չինք սպասում թշնամու կողմից նման հանդգնություն, անսպասելի հարված, սակայն ամեն ինչ հետագայում տեղն ընկավ եւ առաջնագծում կանգնած տղաները կարողացան արժանի հարված տալ թշնամուն: Սա դաս էր եւ հետեւություն մեզ համար, որ թշնամին ամեն պահի կարող  է հարձակվել, եւ ամեն պահի մենք պետք է  պատրաստ լինենք հարվածը հետ մղելու:

Կարծես կինո լիներ…  Որ կողքից ես ինձ լսում եմ, ոնց որ անհավանական լինի, ինչ-որ կինո էր, ու էդքանից հետո կենդանի մնալը…

Մեր մարտկոցից ոչ ոք նույնիսկ չի վիրավորվել: Մենակ կինոյում կարող է նման  բան լինի, որ ավտոն գնա, կողքը սաղ ընկնի պայթի,  ու ոչ մի արկ չընկնի հենց ավտոյի վրա: Որ մտածում ես, ասում ես` դե կինո էր, տենց էլ պետք է լիներ: Էդ 4 օրը մեզ համար կարծես մի ողջ կյանք լիներ, ոչ թե ընդամենը 4 օր:

Հայը հայ է մնում…

Ես էսքան ժամանակ միայն լսել էի, որ հայը ինչ էլ լինի, մնում է հայ, սակայն պատերազմի ժամանակ համոզվեցի, որ մեր մարտական ոգին հաղթեց, դա մեր նախնիներից է գալիս, մեր մեջ կա: Իսկ ադրբեջանցիները, ինչպես միշտ, պարտվում են: Եթե մենք նման լայնածավալ հարձակում մշակեինք, հաստատ շատ մեծ հաջողությունների կհասնեինք:

Ամեն ինչի մասին էլ մտածում էինք պատերազմի ժամանակ` ընտանիքի, ընկերների, սակայն բոլորս  հանգիստ մեր գործն էինք անում, ու դա մեզ բերեց հաղթանակի:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

Տպել
Ամենաշատ
Partner news