Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է վարչապետի կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը։
Պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու նրա առաջին քայլերը նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ խնդիրները բազմաթիվ են։
«Ընդհանուր գաղափարն այն է, որ բնապահպանությունը Հայաստանում պետք է լինի նորմալ եւ իրական, պահպանված եւ պաշտպանված վիճակում, ինչպես եւ բոլոր նորմալ զարգացած եւ բնապահպանությունը կարեւորող երկրներում։ Դրա համար գործողությունների շարքը շատ տարբեր է հանքաարդյունաբերության ոլորտում այլ լուծումներ, ջրերի կառավարման ոլորտում այլ լուծումներ եւ այլն»,-ասաց նա։
Անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին նորանշանակ նախարարը նշեց, որ դրանք «աբսուրդի» էին հասնում։
«Ինձ մեղադրում էին, որ ես ՀՀԿ-ից եմ, ԲՀԿ-ից եմ ասեմ, որ ես երբեւիցե կուսակցական չեմ եղել։ Առաջարկ եմ ունեցել եւ աշխատել եմ Կարեն Կարապետյանի հետ եւ շատ արդյունավետ ենք աշխատել, որովհետեւ մենք փոքր ՀԷԿ-երի ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ ենք արել։ Հիմա առաջարկ եմ ստացել եւ կաշխատեմ։ Ինձ մեղադրում են, որ հեծանվային բոլոր փարկինգները Երեւանի իմն են, բիզնեսներ ունեմ, ունեմ հեծանվային փոքր կազմակերպություն, որը ստեղծել եմ 2012 թվականին եւ սկզբունքորեն հեծանվային մշակույթ եմ բերել Հայաստան, երբ բոլորը, ներառյալ իմ ընտանիքն ասում էր, որ Հայաստան ոչ մեկ որակյալ հեծանիվ չի բերի։ Շատ բաներ են գրել, ուղղակի աբսուրդ է, ես էլ չանդրադառնամ»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով նրան, որ ինքն իր աշխատակիցներին չի թողել մայիսի 8-ին մասնակցել հանրահավաքի, նա հետեւյալ կերպ պարզաբանեց․ «Աշխատողներից մեկ սխալ փաստաթուղթ էր կազմել, նրա անմիջական ղեկավարին հրահանգել եմ նկատողություն տալ, աշխատողը պետք է լինի պատասխանատու։ Ուղղակի թացը չորի հետ խառնվել է այս պահին»,-ասաց նա։
Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ նոր Կառավարությունը մարտահրավերային է եւ շատ հարցեր կարող է լուծել նոր տեսանկյունից, նոր մոտեցումներով եւ դա շատ լավ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար:
2017թ. փետրվարի 22-ից աշխատել է ՀՀ վարչապետի օգնական, ապա փոխնախարար։
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու որդի:





























