News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Ilur.am  կայքում հրապարակված հոդվածում առաջին նախագահը մասնավորապես նշել է.

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդավարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայն ու միայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ