Գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել պինգվինների և անտարկտիկական ձյան հալման միջև։ Նրանց արտաթորանքը, կամ գուանոն, պարունակում է ֆոսֆատներ և այլ սննդարար նյութեր, որոնք խթանում են ձյան վրա մանրադիտակային ջրիմուռների աճը։

Արդյունքում ձյունը ձեռք է բերում կանաչավուն երանգ և ավելի շատ արևային էներգիա է կլանում։ Հետազոտողների տվյալներով՝ ջրիմուռներով կարմիր ձյունը կլանում է մոտ 20%-ով ավելի շատ էներգիա, քան մաքուր սպիտակը, իսկ կանաչը՝ 40%-ով ավելի շատ։ Դրա պատճառով այն ավելի է տաքանում և ավելի արագ հալվում։

Հետազոտության համար գիտնականները կարմիր և կանաչ ձյան նմուշներ են հավաքել Արևմտաանտարկտիկական թերակղզու ափամերձ գոտու երկայնքով՝ ինչպես պինգվինների գաղութների մոտ, այնպես էլ դրանցից հեռու։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կանաչ ձյան մեջ զգալիորեն ավելի շատ են ջրիմուռները սնուցող ֆոսֆատները։

Ըստ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղից հետազոտության ղեկավար Ալիա Խանի՝ գուանոն գործում է որպես պարարտանյութ, որը նպաստում է կանաչ ջրիմուռների խիտ կուտակումների աճին։

Գիտնականները զգուշացնում են․ կլիմայի տաքացմանը զուգընթաց ձյան ջրիմուռների տարածման արեալը կարող է ընդլայնվել։ Այս կենսաբանական ազդեցությունը առայժմ հաշվի չի առնվում Անտարկտիդայում ձյան հալման գործող մոդելներում։ Սակայն դեռ պետք է պարզել, թե որքան ուժեղ է պինգվինների արտաթորանքն արագացնում այս գործընթացն ամբողջ մայրցամաքի մասշտաբով։