Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով ոստիկանության լիազորությունները պատժողական միտում չունեն, այն միտված է կանխելու բռնությունը:  Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ոստիկանության գործառույթները թեմայով քննարկման հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ պետք չէ առանձնացնել կին, ծեր, երեխա թե տղամարդ:

Նրա փոխանցմամբ՝ կանայք դժվարությամբ են դիմում ոստիկանություն, «դժվարությամբ են հայտնում բռնության մասին եւ ոչ միայն ոստիկանությանը, այլ նաեւ ազգականներին, հարեւաններին»։

Նելլի Դուրյանի խոսքով, այդպիսի վիճակագրությունը միայն Հայաստանին չէ բնորոշ. «Օրինակ Անգլիայում, որն այս օրենքն ունի տասնյակ տարիներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10–րդ դեպքի ժամանակ է  միայն կինը գալիս է ոստիկանություն եւ հայտնում բռնության մասին»։

Նա հայտնեց՝ այս տարի ունենք ընտանիքում սպանված կնոջ երկու դեպք. «Եթե ժամանակին ահազանգ է լինում, ոստիկանությունը օրենքի շրջանակներում կարող է կիրառել անհետաձգելի միջամտության պաշտպանության միջոցները, այն է՝ հեռացնել տնից բռնարարին, առգրավել զենքը եւ այլն»:

Դուրյանը նկատեց, որ մշտապես ոստիկանությանը քննադատում էին, որ ոչինչ չի անում ընտանեկան բռնությունը կանխելու համար, ինչու չի անում. «Սակայն, ոստիկանությունը անում էր այն, ինչ իրեն վերապահված էր։ Ոստիկանը՝ ի դեմս համայնքային  ոստիկանի, նախազգուշացնում էր, ստորագրություն էր վերցնում եւ կազմում էր պրոֆիլակտիկ քարտ անհաշտ ընտանիքի մասին։ Հաշվառման մեջ էր պահում 1 տարի, ամիսը մեկ անգամ հանդիպում էր, ասում էր «քեզ լավ պահիր»։ Այսօր մեզ տրված են լիազորություններ, այն է՝ գնահատել իրավիճակը, համաչափ գործողություններ կատարել: Այս լիազորությունները պատժողական միտում չունեն, սա միտված է կանխարգելելուն։ Դա է պատճառը, որ օրենքի անվանման մեջ անընդհատ նշվում է կանխարգելում, պաշտպանություն, համերաշխություն»,–նշեց Դուրյանը։

Նա նաեւ ցույց տվեց ոստիկանական համազգեստին ամրացված այն տարբերանշանը, որով տարբերակվելու են ընտանիքների հետ աշխատող ոստիկաննները։ «Մենք հանրապետության բոլոր տարածքային բաժիններում ունենք վերապատրաստված ոստիկաններ, որոնք աշխատում են ընտանիքների հետ։ Ընդ որում, այդ անձնակազմի 40 տոկոսը կանայք են»,–եզրափակեց նա։