News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Երեւանի «Աղի լիճը» կոչում են տեղի «մեռյալ» ծով։ Անվանումից պարզ է դառնում, որ աղի մեծ կոնցենտրացիայի պատճառով է այդպիսի անվանումը։ Սակայն, իրական Մեռյալ ծովի կողքին, հազիվ թե, թափոնի կույտեր գտնենք։ Ջրամբարից մի քանի մետր այն կողմ «հանգստացող» շշեր են, տոպրակներ, ծխախոտի մնացուկներ՝ այնտեղ նույն հանգստացողների կենսագործունեության արգասիքը։

Ջրամբարը գտնվում է Էրեբունի թաղամասում, գիպսի գործարանից ոչ հեռու։ Լողալու համար այստեղ եկող մարդիկ քիչ չեն։ Ընդ որում՝ ոչ միայն «առափնյա տարածքներից», այլ նաեւ զբոսաշրջիկներ։ Մոտակայքում կայանել են ռուսական համարանիշներով ավտոմեքենաներ, մարդիկ խոսում են ռուսերենով, հայերենով, ապա հիացական կարծիք են գրում  Facebook-ում․ «Գրեթե մեռյալ ծով, խորանարդ մետրում աղի կոնցենտրացիան ավելի շատ է, քան ֆեյբուքում տրոլների քանակը։ Երկրորդ, քիչ լավատեսը, ասում է, որ այս երկրում միայն զբոսաշրջիկի կարգավիճակում պետք է լինել, հակառակ պարագայում լոբոտոմիայի կարող է հանգել»։ Ընդ որում՝ 2015 թվականի հրապարակման հեղինակը, գուցե, փոխել է կարծիքը, բայց եթե վերադառնա այդտեղ, ապա լրիվ հավանական է, որ կանխատեսումը կկատարվի։  

Իրականում այստեղ երկու ջրամբար կա՝ մեկը կանաչ ջրով, մյուսը՝ բուժիչ ցեխով։ Կանաչ ջրում ուրախությամբ լողում են երեխաներն ու տարեցներն։ Ջրի երանգավորումը հնարավոր է «ծաղկման»՝ ցիանոբակտերիաների ակտիվ բազմացման հետեւանք լինել։ Եթե այդ գործընթացը չկասեցվի, ապա ջրամբարը կարող է վերածվել ճահճի։

«Գնանք ջրվեժի մոտ, լվացվենք»,- ջրից հենց նոր դուրս եկած երեխային ասում է  պապը։

«Ջրվեժը» իրականում խողովակից ծորացող ջրի շիթն է։ Դրա մոտ տղաների հերթ է ձեւավորվել։

Եթե փոքր-ինչ ներքեւ իջնեք, ապա կտեսնեք՝ շշերով չեն սահմանափակվում։ Այստեղ ամեն ինչ կգտնվի՝ բազմոցի կեսը, ջեռուցման մարտկոց, հագուստի պատառներ։ Դժվար է հավատալ, որ հանգստացողները լիճ են եկել բազմոցով, բայց ինչպե՞ս է այն այնտեղ հայտնվել։ Թվում է՝ եթե շարունակես ճանապարհը, կհայտնվես հետապոկալիպսիսյան սարսափ ֆիլմում՝ այնտեղ, ուր «թափոնների կույտերը միավորվում են եւ ապստամբում իրենց ստեղծողների դեմ»։ Խողովակի ջուրը հոսում է ուղիղ աղբի մեջ։ Աղբը եւ քարերի կույտը արգելափակել են ջրի ճանապարհը՝ աղբն ու աղը կուտակվել են գարեջրի շշերի վրա եւ գույնից դժվար չէ հասկանալ, որ առաջին օրը չեն այնտեղ եւ նույնիսկ առաջին տարին չեն։ Որոշ շշեր հայտնվել են հատակին, եւ երեւակայությունը հուշում է՝ դրանցում թաքցված ուղերձները երբեք չեն հասնի սերունդներին։

Տարեց կանայք թոռների հետ անցնում են կողքով, նրանք գիտեն՝ ինչ է կատարվում «հանգստյան գոտու» կողքին, իսկ նրանց ճանապարհը անցնում է կրակի, ջրի եւ կողտոտ խողովակների միջով։

Բացի այդ, ջրամբարի մոտ ոչ մի աղբաման։ Պետք է փնտրել այն, իսկ դա կարծես թե, հանգստացողների համար մեծ խնդիր է։ Ոմանց համար ավելի հեշտ է ձմերուկի կեղեւների տոպրակը թողնել ափից ոչ հեռու, վերջիվերջո, «բոլորն են այդպես վարվում»։ Ավելին՝ չկա մեկը, որը կգա, նկատողություն կանի, կտուգանի։ Իսկ հետո, երբ ինչ-որ ժամանակ անց կրկին վերադառնան լիճ, կբողոքեն տհաճ հոտից։

Հիշեցնենք՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ չնախատեսված վայրում աղբ թափելու համար տուգանքը կարող է կազմել 20-50 հազար դրամ։ Իսկ ջրամբարների, ոռոգման ջրանցքների սանիտարական պահպանման գոտիների աղտոտումը տուգանվում է երկու անգամ ավելի մեծ գումարով։

Հեղինակ՝ Ռայա Խաչատրյան

Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news