Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է Ուկրաինային, որ մոտ 3,7 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության հաջորդ տրանշը կարող է ուշանալ, եթե Կիևը չընդունի էժան ներկրվող ծանրոցների համար ԱԱՀ-ի արտոնությունը չեղարկող օրենքը։ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալաժ Ույվարին։

«Մենք ուշադիր հետևում ենք քննարկումներին և առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հենց այս օրենքին։ Ինչո՞ւ, որովհետև այն մտնում է մակրոֆինանսական աջակցության ծրագրի պահանջների մեջ, որն իրականացնում ենք Ուկրաինայի համար», — նշել է Ույվարին։

Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակում Ուկրաինան 2026 թվականին պետք է ստանա 8,35 միլիարդ եվրո։ Այս պահին ԵՄ-ն Կիևին արդեն փոխանցել է 3,2 միլիարդ եվրո, իսկ մոտ 3,7 միլիարդ եվրոն նախատեսվում է հատկացնել աշնան սկզբին։

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ երկրորդ տրանշը ստանալու համար Ուկրաինան պետք է կատարի 12 պայման, որոնցից մեկը փոքր արժեք ունեցող միջազգային փոստային առաքանիների համար ԱԱՀ-ի արտոնության չեղարկումն է։

«Ուստի այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել հատկացումները», — հավելել է Ույվարին։

Նա նաև շեշտել է, որ օրենքն էական նշանակություն ունի Ուկրաինայի պետական բյուջեի եկամուտների ավելացման համար, ինչի խիստ կարիքը, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, երկիրն այժմ ունի։

Սեպտեմբերի 1-ին Գերագույն ռադան չի աջակցել №15460 օրինագծին, որը նախատեսում էր մաքսային ձևակերպումների կարգավորում՝ մինչև 150 եվրո արժողությամբ ներկրվող ծանրոցները հարկելու համար։ Նույն օրը պատգամավորները մերժել են նաև №15112-դ օրինագիծն ու դրան այլընտրանքային նախաձեռնությունները, որոնք առաջարկում էին վերացնել մինչև 150 եվրո արժողությամբ միջազգային փոստային առաքանիների՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը։

Մայիսին խորհրդարանը դարձյալ չէր կարողացել ընդունել նման ծանրոցների համար ԱԱՀ-ի արտոնության չեղարկումը։