Հայաստանի խոշորագույն սուպերմարկետային ցանցերից մեկը՝ «Սթար Դիվայդ»-ը վաճառվել է։ Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։ Սուպերմարկետի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն` գրանցված Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որը հայտնի օֆշորային գոտիներից մեկն է։ Viest Assets Ltd-ն ձեռք է բերել «Սթար Դիվայդ»-ի բաժնետոմսերի 100%-ը:
Հիշեցնենք, որ «Սթար Դիվայդի» նախկին բաժնետերերն էին ռուսաստանաբնակ հայտնի գործարար Հենրիկ Զախարյանցը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բակը։
Հնարավոր է՝ այս գործարքը ոչ թե վաճառք է, այլ բաժնետերերի ֆորմալ ձեւակերպման փոփոխություն։
«Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում ՍԹԱՐ-ի ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,-նշեց «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում, պարտավորվել է կատարել 5-10 մլն դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի եւ պարտքի տեսքով:
«Ընկերության պարտավորությունները բոլոր մատակարարների նկատմամբ մնում է ուժի մեջ, որոնց մարման վերաբերյալ ընկերության ղեկավարությունը բանակցությունների նոր փուլ կսկսի մատակարարների հետ»,-ավելացրեց «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխությունները տեղի չեն ունենա «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված եւ ընկերության կողմից կազմված զարգացման եւ ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ.-ին «ՍԹԱՐ»-ը կբացի եւս 12 խանութ Երեւանում եւ մոտակա քաղաքներում:





























