News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Եթե մինչև փետրվար չհաստատվի կինոնախագծի բյուջեն՝  կդիմենք կոշտ պայքարի՝ զանգվածային հացադուլներով, գործադուլներով և փողոցներ փակելով։ Այս մասին 168․am-ին ասել է կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը, որը վերջերս 9 օր հացադուլ էր արել, քանի որ ռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը կյանքի չէր կոչվել։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

9 օր հացադուլ անելուց հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Հովհաննես Գալստյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրել էր հանձնաժողով, որը հաստատել էր, որ «Տատիկիս վարսերը» կինոնախագծի ֆինանսավորման մերժումը եղել է անօրինական։

«Այս ամենից հետո Մշակույթի նախարությունն Ազգային կինոկենտրոնին հրահանգեց մշակել ժամանակացույցով նոր պայմանագիր, որպեսզի այս տարի մենք կարողանանք ավարտել ֆիլմի նկարահանումները։ Մեր պահանջն ամբողջովին պետք է բավարարվեր։

Ազգային կինոկենտրոնն էլ ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրի մեր բոլոր փաստաթղթերի, այսպես ասած, արժանահավատությունը, քանի որ կասկածներ ունեին մեր փաստաթղթերի հանդեպ։ Մենք մոտ 30 փաստաթուղթ տարել ենք Ազգային կինոկենտրոն, և մոտ մեկ ամիս է՝ Կինոկենտրոնն ուսումնասիրում է դրանց լեգիտիմությունը»,- ասաց ռեժիսորը։

Նրա խոսքով՝ իրենց տրված մշակույթի նախարարի պաշտոնակատարի երաշխիքները Կինոկենտրոնի կողմից չեն կատարվել՝ դեռ կատարման փուլում են։

«Մենք ֆիլմի նկարահանումները պետք է սկսենք մինչև մարտ, բայց մինչ այդ  ֆինանսավորումը պետք է հաստատեն, հակառակ դեպքում՝ փետրվարին, նույնիսկ հունվարի կեսից մենք կդիմենք շատ կոշտ մեթոդների։ Ֆիլմի ամբողջ թիմը պատրաստ է մեզ աջակցել հրապարակային գործունեություն ծավալելու համար։

Եթե չհաստատեն, ապա փետրվարի 21-ին ավարտվում է մեր համատեղ արտադրության ֆիլմի  պայմանագիրը Բուլղարիայի և Գերմանիայի հետ։ Դրանից հետո մեր գործընկերներն ազատ են դուրս գալ նախագծից, որից հետո ֆիլմը պարզապես կկործանվի։

Այսինքն՝ փետրվարին մենք շատ կոշտ պայքարի մեթոդների կդիմենք՝ զանգվածային հացադուլներով, գործադուլներով և փողոցներ փակելով, խորհուրդ չէի տա, որ գնան այդ ճանապարհով»,- ասել է Հովհաննես Գալստյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ