News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երբեւէ տարածքային զիջումների պարտադրանք չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջերս Արցապի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե 2016 թվականին Սերժ Սարգսյանը Արցախի վերնախավին հավաքել եւ խոսել է տարածքային զիջումների մասին, իսկ վերնախավը որեւէ կերպ չի ընդդիմացել նրան:

Նրա խոսքով, այն, որ Արցախի հետ կապված խնդիրները, առավել եւս տարածքների, սահմանների կարգավիճակի հետ կապված, գտնվում են քննարկումների կիզակետում սա շատ կարեւոր եւ ողջունելի է, որովհետեւ այդ թեմաները իրոք մեր պետականության համար, թե ՀՀ, թե Արցախի համար շատ կարեւոր են:

«Նման զարգացումները ընդհանրապես միշտ ուշադրության կենտրոնում պահելը շատ կարեւոր է: Կարեւոր է, որ արտահայտվի այնպիսի կարծիք, որ անընդունելի են միակողմանի զիջումներ: Այսինքն զուտ այդ տեսանկյունից, գաղափարախոսական եւ հիմնական մեսիջների տեսանկյունից ողջունելի է ցանկացած այսպիսի հայտարարություն: Նույնիսկ եթե այդ հայտարարությունները չեն համապատասխանում բուն էությանը, բայց այն, որ այդ հարցերը արծարծվում են եւ արծարծվում են տարբեր մարդկանց կողմից, քաղաքական գործիչների, պատերազմի վետերանների, ռազմական գործիչների եւ այլն, շատ կարեւոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումների վերաբերյալ արդեն համապատասխան մարդիկ խոսել են եւ ասել են իրենց կարծիքը. «Բոլորը միաձայն ասում էին, որ նման առաջարկ չի եղել: Ես եղել եմ մի այդպիսի հանդիպմանը, նման առաջարկ չի եղել: Եթե չի եղել, պիտի ասենք չի եղել, եթե եղել է, պիտի ասենք՝ եղել է: Դրան գումարած՝ էսպիսի մի գաղափար կա. սահմանների եւ կարգավիճակի առումով չի կարող լինել վերադարձ անցյալին, դա անհնարին է, որովհետեւ ժամանակին բոլոր մեխանիզմները գործարկվել են, որպեսզի խաղաղ կարգավորում լինի այդ հակամարտությանը, չի ստացվել:

Ժամանակին Արցախը որեւէ սահմանային փոփոխություն չի ակնկալել: Հիշում եք 88 թվականին, երբ որ սկսվել է շարժումը, այնուհետեւ Ադրբեջանի ագրեսիան, պատերազմը բերել են նրան, որ ստիպված տեղի է ունեցել սահմանների փոփոխություն: Սա պատերազմի արդյունք է: Հիմա խոսել հետեւանքների վերացման մասին՝  առանց պատճառների հետ փոխկապակցելու, դա ճիշտ չէ: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Չի լինելու վերադարձ, լինի դա սահմանների կամ կարգավիճակի առումով: Արցախը երբեւիցե չի լինելու Ադրբեջանի մաս եւ երբեւիցե մեր սահմանները չպետք է լինեն այնպիսին, որ մեզ համար վտանգ ներկայացնեն»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դրա մասին մշտապես բարձրաձայնել են:

«Սա համազգային խնդիր է, նաեւ բոլորիս համար անձնական հարց է, որովհետեւ մեր երեխաների, մեր ապագան է: Եվ հետո, էնպիսի մարդ չկա, որ գա, իրեն մարգարեի, Աստծո տեղ դրած՝ պարտադրի բոլորին, որպեսզի հողեր հանձնվի կամ այլ քայլ կատարվի: Չկա այդպիսի անձնավորություն, չի էլ լինելու, բարեբախտաբար, որովհետեւ սա համազգային պայքար է եւ ողջ ժողովուրդն է մասնակցել այս պատերազմին, արյուն է թափել, լինի դա առաջին Արցախյան պատերազմը, Ապրիլյան պատերազմը, եւ առհասարակ երեք տասնամյակի ընթացքում:

Դրա համար մի կողմից ողջունում ենք, որ այդպիսի բուռն քննարկումներ կան, մյուս կողմից էլ ասում ենք՝  սա է իրավիճակը, սա էլ մեր տեսլականն է, որ հանկարծ որեւէ մեկը կասկած չունենա, առավել եւս նաեւ չվախենա, որ կարող են քայլեր կատարել Արցախի իշխանությունները կամ ժողովուրդը ՝ անհասկանալի եւ անորոշ ապագա ստեղծելու համար: Նման բան չի լինելու: Եթե որեւէ մեկը այդ քայլին դիմի, բնական է որտեղ է լինելու նրա տեղը պատմության մեջ»:

Նշենք, որ Սամվել Բաբայանն օրերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: Նա նաեւ անուններ է տվել, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ