News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բանակում արձանագրված խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումների  ուղղությամբ քննություն իրականացնող մարմինները օբյեկտիվ քննություն չեն իրականացնում: Այս մասին հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը` իր ղեկավարած կազմակերպության կողմից հրապարակված  մարդու իրավունքների վիճակի 2010 թվականին վերաբերող զեկույցում:

Նա նշեց, որ թեեւ այդ գործերով քրեական գործեր են հարուցվում, սակայն ողջ համակարգը` զինվորական դատախազությունը,զինվորական ոստիկանությունը, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը աշխատում են մեկ ուղղությամբ` սպանությունը որակել կամ որպես ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանք, կա՜մ ինքնասպանություն կա՜մ հիվանդության հետեւանքով ի հայտ եկած մահ:

«Մարդկանց բերում են դիահերձարան եւ ասում, թե սրտի կաթվածից է մահացել, բայց դիակը շուռ են տալիս, եւ մեջքի վրա կապտուկներ են հայտնաբերվում»,-նկատեց իրավապաշտանը: Նա նաեւ վկայակոչեց ԼՂ զորամասերից մեկում վերջերս սպանված Գեւորգ Կոծինյանի գործը եւ նշեց, որ թեեւ զինծառայողի դիակի վրա ծեծի  արտառոց նշաններ չկան, կապտուկներ կան դաստակի եւ գլխի վրա, սակայն դատաբժիշկները նշել են, որ ծեծն այնքան ուժեղ է եղել, որ Կոծինյանի սիրտը  չի դիմացել եւ նա մի քանի օրում մահացել է: «Սպանությունների բացահայտման գործում հատկապես մեծ է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ազդեցությունը, քանի որ բոլոր սարքված գործերը սկսվում են այդտեղից»,-եզրակացրեց Դանիելյանը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածում, ինչը կարող է բերել բանակում առկա շատ խնդիրների լուծման:

Նշենք, որ «Հելսինկյան ասոցիացիայի» 2010 թվականի տարեկան երկհատորանի զեկույցը ֆինանսավորել է ԱՄՆ պետական դեպարտամենտը:

Զեկույցն ուղարկվելու է մի շարք պետական մարմինների, մասնավորապես` ՀՀ նախագահին,  դատախազությանը, ԱԱԾ-ին, Պաշտպանության նախարարությանը:

Տպել
Ամենաշատ