News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» մի խումբ տղամարդկանց կողմից գտնվում է կազմակերպված, եւ նախապես պլանավորված հարձակումների տակ։ Այս մասին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես, ասվում է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» մի խումբ տղամարդկանց կողմից՝ Վահագն Չախալյանի եւ Հայկ Այվազյանի գլխավորությամբ, գտնվում է կազմակերպված եւ նախապես պլանավորված հարձակումների տակ։

Կազմակերպության բոլոր անդամները ստանում են բազմաթիվ սպառնալիքներ, ատելության խոսքեր, եւ արժանապատվությունը նսեմացնող վիրավորանքներ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլեւ արդեն իսկ տարբեր ծանոթ եւ անծանոթ անձանց կողմից։

Կազմակերպության անդամներին սպառնում են սպանել, վառել, բռնաբարել։ Այս ամենը մեծ վրդովմունք է առաջացրել կազմակերպության աշխատակիցների ընտանիքների անդամների, բարեկամների, ընկերների եւ հատկապես կազմակերպության շահառուների շրջանում։

Ստանում ենք նաեւ զանգեր կազմակերպության եւ առանձին անդամների նկատմամբ այս ահաբեկչությունը կազմակերպված վերոնշյալ անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կապակցությամբ, ինչը բնականաբար, անընդունելի է մեր կողմից։ Սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ իրավիճակը այլեւս դուրս է եկել մեր վերահսկողությունից։

Կազմակերպված մանիպուլյացիաների եւ վարկաբեկումների միջոցով հասարակությունում պառակտում մտցնելու, ատելություն հրահրելու, եւ մարդկանց իրար դեմ տրամադրելու ողջ պատասխանատվությունը ընկնում է Վահագն Չախալյանի, Հայկ Այվազյանի եւ իրենց շուրջը հավաքված այլ անձանց վրա։

Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել, որ ստեղծված պայմաններում չենք կարողանում հավուր պատշաճի իրականացնել մեր գործառույթները եւ շարունակել նույն չափով տրամադրել հոգեբանական, իրավաբանական եւ փաստաբանական աջակցություն բռնություններից տուժած անձանց։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գիծը եւս գտնվում է անդադար գրոհի տակ։

Վստահեցնում ենք, սակայն, որ ներկայումս մեր կողմից պաշտպանվող սեռական բռնության զոհերի քրեական գործերը շարունակելու են վարվել կազմակերպության հետ համագործակցող հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի կողմից։

Եվս մեկ անգամ հորդորում ենք տղամարդկանց այս խմբին գիտակցել իրենց կողմից ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվության բեռը՝ հասարակության անդամներին իրար դեմ տրամադրելու եւ այդ իսկ պատճառով հետագա, նույնիսկ իրենց վերահսկումից դուրս, հանցագործությունների եւ բռնությունների ալիքի հող ստեղծելու համար։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերջ դնել այս կազմակերպված ահաբեկչությանը կին իրավապաշտպանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ, ինչպես նաեւ ապահովել կազմակերպությունների եւ անհատների անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել տրամադրել աջակցություն սեռական բռնություններից տուժած կանանց եւ անչափահասներին»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:

Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում դատապարտել էր տեղի ունեցած միջադեպը:

Տպել
Ամենաշատ