News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Ուշագրավ է, որ քննիչը գործի վարույթը կարճել է այն բանից հետո, երբ գործով տուժողը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոչընդոտում է գործի քննությանը, շարունակում է ճնշումներ  գործադրել իր նկատմամբ, իսկ քննիչը պատշաճ քննություն չի իրականացնում գործի իրական հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական հետապնդման ենթարկելու ուղղությամբ։ Տուժողը խնդրել էր՝ գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու նպատակով։

NEWS.am–ի հետ զրույցում գործով տուժող Գևորգ Պողոսյանը հայտնեց, որ գործի վարույթի կարճման մասին իմացել է Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումից։

 Նշենք, որ Մկրտչյանը, որը գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ, կարճման որոշումից ժամեր անց այդ մասին գրառում էր կատարել։

«Հայտնում եմ, որ ես, որպես բարի կամքի դրսևորում, Գ.Պողոսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ բողոք չեմ ներկայացնում»,–գրել էր թաղապետը։

 Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ  քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին։

NEWS.am–ի հետ զրույցում տուժող Գևորգ Պողոսյանը հայտնեց, որ որոշման մասին մինչ օրս պատշաճ չի ծանուցվել։

«Ես հերթական անգամ համոզվեցի, որ իմ նկատմամբ բռնություն գործադրելու գործը ուղղորդված է և ունի հովանավորչություն։ Ռազմիկ Մկրտչյանը, որը ներգրավված է որպես վկա, ուրբաթ օրն արդեն հայտարարել է, որ կա որոշում քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ես նրա «մեծահոգության» կարիքը չունեմ։ Ես շարունակում եմ պնդել և Աստված է վկա, որ դեպքը իսկապես տեղի է ունեցել, սակայն իրավապահ մարմինները գերադասեցին կոծկել գործը և արդարացնել իմ նկատմամ կատարված բռնությունը։ Քրեական գործի ձևական հարուցումից հետո անգամ Ռազմիկ Մկրտչյանը շարունակել է իմ նկատմամբ հոգեբանական ճնշումները և խտրական վերաբերմունքը։ Այդ նույն անձը «մեծահոգաբար» թաղապետարանի բոլոր աշխատակիցներին պարգևավճար է տվել երկրորդ եռամսյակի համար, բացի ինձնից, քանի–որ ես համարձակվել եմ պաշտպանել իմ աշխատանքային իրավունքները, այն դեպքում, երբ ես ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ամեն օր առանց մի օր բացակայելու համ հերթապահել եմ թաղապետարանի շենքում, համ էլ կատարել եմ իմ աշխատանքը, այն է՝ հետևել համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքին»,–ասաց Գևորգ Պողոսյանը։ Վերջինս միաժամանակ տեղեկացրեց, որ նման պայմաններում ստիպված է աշխատանքից ազատման դիմում գրել, ինչին և այս ամիսների ձգտում էր հասնել վարչական շրջանի ղեկավարը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  NEWS.am–ին տեղեկացրեց, որ տուժող կողմի՝ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված բողոքի կապակցությամբ հուլիսի 22-ին ուղարկվել է պատասխան, որով պարզաբանվել է, որ տվյալ քրեական գործով չեն անցնում ՀՀ ՀՔԾ-ի սուբյեկտ հանդիսացող անձինք, հետևաբար չկան քրեական գործի վարույթը ՀՀ ՀՔԾ-ին հանձնելու իրավական հիմքեր:

Նշենք, որ նույն գործով անցնում էին նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանը և թաղապետի օգնական Անդրանիկ Մինասյանը։

Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանցավոր արարքն առերևույթ կատարած այլ անձանց մասով հուլիսի 23–ին կայացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով՝ հաշվի առնելով, որ քննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հանցավոր արարքները տուժողի կողմից նշած անձանց կողմից առերևույթ կատարված լինելու վերաբերյալ և սպառվել են հանցավոր արարք կատարած անձանց հայտնաբերելու իրավական հնարավորությունները: Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործով կայացված որոշումների օրինականությունն ստուգվել է դատախազության կողմից:

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ