News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Lenta-ում հոդված է հրապարակվել՝ նվիրված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային գրառմանը: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

«RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook-յան գրառումը որոշակիորեն վիրավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում՝ այնքան, որ քաղաքական գործիչը որոշեց անպայման պատասխանել եւ հարցազրույց տվեց ՌԲԿ TV-ին՝ դրա համար հատուկ հեռուստաալիքի լրագրողներին հրավիրելով Երեւան:

Միաժամանակ լինելով ռուսական խոշորագույն միջազգային լրատվամիջոցի ղեկավարը՝ RT-ի գլխավոր խմբագիրը չէր կարողացել անտեսել Հայաստանի պատմական դաշնակից Ռուսաստանի հանդեպ գործող կառավարության մի շարք արարքները: Սիմոնյանի կարծիքով՝ ի պատասխան բոլոր բարի գործերին եւ արարքներին, որը Ռուսաստանն արել է Հայաստանի համար, մեր պետությունը ոչինչ չի ստացել: «Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: (…) Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն: Դուք Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը: (…) Դուք դուրս եք քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին: (…) Ձեր մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի վրա: (…) Դուք դժբախտ եւ առանց այն էլ անհետացող հայ ժողովրդին բաժանել եք թշնամիների՝ ռուսաստանցի հայերի եւ «իսկականների»՝ նրանց, ովքեր աջակցում են ձեր այսրոպեական իշխանությունը»:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը հնչեց մի քանի օրվա տարբերությամբ: Մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ պահանջները, ում մեադրում են 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեջ, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցներն առանձին քաղաքական գործիչները չեն, այլ ամբողջ հայ ժողովուրդը: Նրա խոսքով՝ երկար տարիներ շատ գործիչներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց իրականում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է:

Պատասխանելով ՀԿ-ների աշխատանքի վերաբերյալ պահանջին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ դրանք սկսել են աշխատել 2018 թվականին իր իշխանության գալուց շատ առաջ: «Դրանք ստեղծվել են այն տարիներին, երբ Ռուսաստանում ոչ մեկը չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին: Այս բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ: Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 1998-2008 թվականներին, իսկ Սերժ Սարգսյանը՝ 2008-2018 թվականներին:

Վարչապետի խոսքից ստացվում է, որ Հայաստանը հետխորհրդային ժամանակաշրջանում մշտապես ակտիվորեն փոխհարաբերություններ է կառուցել առաջին հերթին Արեւմուտքի հետ: Սակայն փաստերը վկայում են այն մասին, որ պետական ռազմավարական պաշտոնները (ինչպես ԱԽ ղեկավարի) կամ նախարարական պորտֆելները Ջորջ Սորոսի հետ փոխկապակցված ՀԿ-ներից սերողները սկսեցին ստանալ հենց 2018 թվականին «թավշյա հեղափոխությունից» հետո: Ի դեպ, Փաշինյանին աջակցելու համար փողոցներ դուրս եկածների թվում նույնպես կային հենց սորոսական ՀԿ-ների կասկածելիորեն մեծ թվով ներկայացուցիչներ:

Այն մասին, որ Հայաստանում մինչեւ հիմա պահպանվում են կապերը ամերիկացի օդիոզ օլիգարխ-քաղտեխնոլոգի հետ, կարող է վկայել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նրա կազմակերպության ակտիվ օգնությունը: Օրինակ՝ ինչպես հայտնի է դարձել հուլիսի 20-ին, «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացրել է ավելի քան 600 հազար դոլար: Հատկանշական է, որ Ուկրաինայի հետ միասին Հայաստանը դարձել է ԱՊՀ հազվագյուտ երկրներից մեկը, որ Ջորջ Սորոսի կողմից նման աջակցության է արժանացել: ««Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը իր գործընկերների եւ ՀՀ կառավարության հետ շարունակում է հետեւել երկրում տեղի ունեցողին»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ դրա հետ մեկտեղ Հայաստանում հակասորոսական քննադատությամբ հանդես եկող «ՎԵՏՕ» կազմակերպության ակտիվիստները Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետապնդման են ենթարկվում: Այսպես՝ այս տարվա հունվարի վերջին «ՎԵՏՕ»-ի հիմնադիր, հակասորոսական ակտիվիստ Նարեկ Մալյանը եւ «Ադեկվատ» ընդդիմադիր քաղաքական կուսակցության հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն, պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ զենքի ապօրինի պահման եւ կրման կասկածանքով: Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» շարժումն իր առաջ նպատակ է դրել հասնելու Հայաստանի տարածքում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կազմակերպության գործունեության արգելմանը:

Վերջին շրջանում հայկական քաղաքականության մեջ ավելանում է մարդկանց թիվը, ովքեր կապ ունեն ԱՄՆ-ի հետ: Այսպես՝ անցած տարվա հունիսին ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը Հայաստանում դարձավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այդ պաշտոնը ստեղծվել է վերջերս՝ սփյուռքի նախարարության լուծարումից եւ կառավարության օպտիմալացումից հետո: Ինչպես գրում է «Սպուտնիկ»-ը, նա հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի եւ նրա իրավունքների հովանավոր: Անցած տարի այդ ոլորտում իր գործունեության համար նա Equality Armenia ամերիկյան հասարակական կազմակերպության կողմից մրցանակ ստացավ:

Եվս մեկ ոչ միանշանակ ֆիգուր է արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը: Մինչ նրա նշանակումը մամուլում լուրեր էին պտտվում այն մասին, որ նրա թեկնածությունն ակտիվորեն առաջ է տանում Հայաստանում Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը: Ի դեպ, Բադասյանի գործունեության ուղղություններից մեկը, ինչի մասին վերջերս հայտնի դարձավ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցով Պետդեպի հատուկ խորհրդականի հետ աշխատանքն է: Փաստաթղթում, որի տեքստին ծանոթացել է RT հեռուստաալիքը, ասվում է. «(...) խորհրդականը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու եւ դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում: Այդ հաստատությունները կհետաքննեն կոռուպցիայի դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»: Բացի այդ, մասնագետը ՀՀ իշխանություններին խորհրդատվությամբ կօգնի իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման եւ իրականացման հարցում: Նա կհամագործակցի արդարադատության նախարարության եւ այլ իրավապահ մարմինների հետ:

Սորոսն «իր մարդը ունի» նաեւ ՀՀ Անվտանգության խորհրդում եւ Հատուկ քննչական ծառայությունում: Օրինակ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը Սորոսի հիմնադրամի վարչության խորհրդի ղեկավարն է, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Transparency International-ից է: Նրանք նշանակվել են «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ Սորոսի գործունեությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունից հետո նա հրաժարական տվեց՝ դուռն ուժեղ շրխկացնելով: Նրա փոխարեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ով երբեք չի աշխատել հատուկ ծառայություններում:

Նոր իշխանության գալուն պես հայտնվեցին նոր թրենդներ՝ հանրային ցանցում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումից հրաժարում, ռուսերենով հաղորդումների փակում: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունների հարցով համառուսական քվեարկության ժամանակ ՀՀ Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց Ալեքսեյ Նավալնու հայտարարությունը՝ ընդդեմ ՌԴ սահմանադրական փոփոխությունների:

Չպետք է մոռանալ, որ Հայաստանում հետապնդվում է ռուսական բիզնեսը, ինչի մասին գրեթե բաց տեքստով հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ռուսական գազի գնի իջեցման մասին ՀՀ ղեկավարության պահանջների համատեքստում:

Այսպիսով, կարելի է վստահ ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոններ են զբաղեցնում ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը նորանոր լարվածություններ կստեղծի միջպետական հարաբերություններում, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը գաղտնազերծեց այդ խնդիրը պաշտոնական մակարդակով: Եվ Փաշինյանի ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է այդ ենթադրությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են
Ավելի քան 4000 ռուս զինծառայողներ զորավարժություններ են սկսել Հայաստանում, Ռոստովում եւ Վոլգոգրադում
Transparency International. Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան
Ընդ որում, կենտրոնը ինչ-ինչ պատճառով տվյալներ չի նշել ԱՄՆ-ի մասով...
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն...
ՌԲԿ. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը
Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ բացասական արձագանք ստացավ...
Փաշինյանն անտեր թողեց Մոսկվայի հայերին. Անդրանիկ Թեւանյան
Փաշինյան–Պուտին հարաբերություններն այն աստիճանի են սառեցված, որ անգամ հեռախոսազրույց չի տեղի ունեցել…
Ամենաշատ