News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների, դրանց մշակողների՝  թուրքական տարբեր ծրագրերում ներգրավված լինելու  սկանդալի ֆոնին բուռն քննարկումներ են սկսվել թուրքական «Անադոլու Քուլթուր» հիմնադրամի կողմից հայտարարված  հայ և թուրք արվեստաբանների մասնակցությամբ նոր նախագծի շուրջ։ Թուրքական կազմակերպության կողմից իրականացվող նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։

«Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրդառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի», –ասված է «Անադոլու Քուլթուր»-ի հայտարարած մրցույթի վերաբերյալ հաղորդագրությունում։ Նշենք, որ նախագծին աջակցում է Պորտուգալիայում գտնվող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը։

Ծրագրի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Վերջինս  «Փաստինֆո»-ի հետ զրույցում  տեսակետ էր հայտնել, որ այս ծրագրի միջոցով թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում։

«Սա ուղղակի դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և մենք պետք է առավելագույնս զգոն լինենք»,– նկատել է պատմաբանը։

NEWS.am–ի հետ զրույցում  նախագծի համադրող, արվեստաբան  Արմեն Եսայանցը նշեց, որ հայ և թուրք արվեստաբանների, արվեստագետների մասնակցությամբ գրեթե ամեն տարի նմանօրինակ ծրագրեր են իրականացվում, և դրանում որևէ արտառոց բան չկա։

Ըստ նրա՝ այս նախագծի հետ կապված աղմուկը պայմանավորված է վերջին շրջանում պատմության չափորոշիչների հետ կապված հանրային բուռն քննարկումներով։

«Այս աղմուկը պայմանավորված է չափորոշիչների շուրջ ստեղծված միջավայրով։ Մարդիկ չեն էլ խորանում, թե ինչի մասին է ծրագիրը, պարզապես ելնելով այն հանգամանքից, որ սա հայ–թուրքական նախագիծ է, անմիջապես սկսում են ուրիշ շերտեր փնտրել մեջը, որը գոյություն չունի. պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում, հատկապես եթե այն չկա։ Ես ինձ թույլ չեմ տա ներգրավվել մի ծրագրում, ինչը որևէ կերպ կարող է խաթարել հայկական մշակույթը, արվեստը։ Իմ ներգրավվածությունն այս նախագծում ուղղված է հայ արվեստի զարգացմանը, հայ մշակույթի ամրապնդմանը, ապագային։ Այս ծրագրում ներգրավված անձինք հատուկ, «թաքնված» նպատակներ կամ հետին մտքեր չունեն»,–ասաց նա՝ նկատելով, որ միջավայրն այնպիսին է, որ հայ–թուրքական ցանկացած ծրագիր՝ հատկապես մշակութային,  անպայման այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Արվեստաբանի խոսքով՝  անգամ մակերեսային, զավեշտալի մեկնաբանություններ են հնչում՝ կապված ծրագիրը կազմակերպող հիմնադրամի՝ «Անադոլու Քուլթուր»–ի անվանման հետ։

Եսայանցը հիշեցրեց, որ  «Անադոլու Քուլթուր»–ի հիմնադիրը թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան է, որն արդեն երեք տարի է գտնվում է բանտում՝  2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։ Քավալան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած թուրք գործիչներից է, ով 2016թ. ապրիլի 24-ին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Եսայանցը նշեց, որ առաջին անգամ է նման ծրագրի մասնակցում։

Դիտարկմանը, թե հայ–թուրքական համատեղ հաշտեցման ծրագրերը ոչ միանշանակ են ընդունվում հանրության կողմից, արվեստաբանն արձագանքեց.

«Այստեղ հաշտեցման խնդիր չկա։ Նախագծի անվանումն է «Ապագայի Ապագա» (The Future of Future), ինչը ավելի լայն իմաստով պետք է ընկալել, քան միայն հայ–թուրքական հարաբերությունները։ Այս ծրագիրն ավելի շատ ուղղված է համամարդկային արժեքերին, սոցիալական, տնտեսական, միջհամայնքային՝ այդ թվում հայ–թուրքական հարաբերություններին, աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին՝ COVID-19–ով պայմանավորված  փոփոխություններին և այլն»։

Արվեստաբանի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե հայկական կողմից մասնակցության քանի հայտ է ներկայացվել, քանի որ մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն սեպտեմբերին։

Հարցին, թե հանրային քննադատությունների արդյունքում կա՞ն արվեստագետներ, որոնք հրաժարվել են մասնակցությունից, Եսայանցն արձագանքեց։

«Ես նման մեկնաբանություն չեմ լսել։ Հասկանու՞մ եք, 21–րդ դարն է, միշտ էլ եղել են ծրագրեր, որոնք հակասության մեջ են եղել հանրային լայն շրջանակների հետ, պարզապես այս ծրագիրն ընկավ չափորոշիչների հետ կապված ընդհանուր ալիքի տակ։ Եթե չլինեին այդ քննարկումները, ես չեմ կարծում, որ այս ծրագիրը նման բուռն արձագանքի կարժանանար։  Ինձ մոտ տպավորություն է, թե այդ մեկնաբանությունները հուզական են, ոչ թե պրագմատիկ։ Ինձ համար իսկապես հաճելի չէ, երբ մարդիկ, առանց խորանալու, թե ինչի մասին է ծրագիրը, ընդամենը լսելով հիմնադրամի անունը, առանց իմանալու, թե այդ հիմնադրամը տասնամյակներ շարունակ ինչով է զբաղվում, ով է հիմնադիրը, ինչիպիսի ծրագրեր է իրականցրել, ելնելով այն կարծրատիպերից, որ արդեն  մխված են մարդկանց տպավորություններում, նման մեկնաբանություններ են հնչում։ Ես ներողամիտ եմ գտնվում, քանի որ հասկանում եմ, որ մարդիկ հուզական բաներ են խոսում, բայց ցավում եմ, որ այս ծրագիրը նման մեկնաբանությունների արդյունքում կարող է տուժել, ինչը մենք չէինք ցանկանա։

Նշենք, որ նախագծի շրջանակներում նախատեսում են տարբեր ձևաչափերով հանդիպումներ, վորքշոփեր, հանրային ծրագրեր և ցուցադրություններ Երևանում, Ստամբուլում և եվրոպական որևէ քաղաքում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ