Anadolu Kültür թուրքական կազմակերպության նախագահ Օսման Քավալան ապրիլի 24-ին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: NEWS.am-ը զրուցել է թուրք գործչի հետ եւ պարզել նրա այցի նպատակը:
Կպատմե՞ք Հայաստան գալու ձեր նպատակների մասին:
Ինձ հրավիրել են մասնակցել «Ավրորա» մրցանակաբաշխությանը, եւ քանի որ այն ապրիլի 24-ին էր, ես մտածեցի, որ դա շատ լավ հնարավորություն է մասնակցել ապրիլի 24-ի միջոցառումներին:
Ի՞նչ եք Դուք զգում՝ Հայոց ցեղասպանության օրը հայերի հետ լինելով Երեւանում:
Ես արդեն մի քանի անգամ այցելել եմ Ցեղասպանության թանգարան, սակայն սա բոլորովին այլ զգացողություն է այստեղ լինել ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին: Դա շատ հուզիչ է ինձ համար:
Կպատմեի՞ք հայերի նկատմամբ այսօրվա թուրքերի վերաբերմունքի մասին:
Վերաբերմունքը փոխվում է դեպի լավը, թեպետ շատ դանդաղ տեմպերով: Իհարկե, այն թուրքերը, որոնք Երեւան են գալիս եւ այցելում են թանգարան, ավելի իրազեկված են, նրանք ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Նրանք նաեւ փորձում են պատմել ողջ մնացած հայերի պատմությունները, որոնց ծնողները սպանվել էին 1915-ին: Այնպես որ դա դանդաղ առաջընթաց է, սակայն այն կա:
Ի՞նչ պետք է լինի, ըստ Ձեզ, որպեսզի պաշտոնական Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Առաջին հերթին պետք է Թուրքիայի իշխանություններն անկեղծորեն փորձեն հայացք գցել պատմությանը, նրան, ինչ կատարվել է, բացեն եւ, ինչպես հարկն է, ուսումնասիրեն արխիվները: Հայերի հետ անկեղծ երկխոսություն է պետք սկսել: Այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են, սակայն, ցավոք, մենք դա չենք տեսնում քաղաքական մակարդակով:



























